Թուրքիայում հայազգի օճառագործը մեծ հետաքրքրություն է առաջացրել

Թուրքիայի Մարդինի նահանգի Դերիք գավառից Ստամբուլ տեղափոխված հայազգի Զաքարիա Սաբունջուն 38 տարի անց որոշել է վերադառնալ հայրենի Դերիք՝ այնտեղ սկսելով օճառի արտադրություն այս տարածաշրջանում հայտնի ձիթապտուղներից: Արտադրամասի բացման արարողությունը բավական մարդաշատ է անցել, որին մասնակցել է նաև Դերիքի արհեստագործների և արվեստագետների պալատի նախագահ Աթման Էլիթաշը: Վերջինս հաջողություն է մաղթել գործարարին՝ նշելով. «Նախկինում, երբ հայերն այստեղ էին ապրում, մեր շրջանում բերրիություն էր: Շատ ուրախալի է, որ 38 տարի անց այստեղ վերադառնալով մեզ նման ծառայություն է մատուցվելու»:

օճառագործ

Զաքարիա Սաբունջուն հայրենի Դերիք վերադառնալու մասին նշել է. «Օճառի պատրաստմամբ զբաղվել է հայրս և այդ գործին կյանք տալու համար որոշեցի վերադառնալ: Երբ ավելի լայն տարածք գտնենք, ավելի մեծ արտադրամաս կունենանք և ավելի շատ մարդիկ կարող են այնտեղ աշխատել: Մեր արտադրած օճառները քիմիական հավելումներ չեն պարունակում և բուժիչ են ինչպես մաշկի, այնպես էլ մազերի համար: Ուզում եմ, որ իմ այս ներդրումը առիթ հանդիսանա, որպեսզի շատերը վերադառնան այստեղ և ներդրում կատարեն իրենց ծննդավայրում»:

Tags: , ,