«Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» ու «Կենսաբանություն» առարկաների միասնական քննություններով էլ այսօր մեկնարկեցին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունները։
«Անկախ»-ը եղավ ԵՊՀ-ում, որտեղ անցկացվում էր կենսաբանության միասնական քննությունը։ Քննակենտրոն ժամանեցին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաջողություն մաղթեց դիմորդներին՝ նշելով. «Ով գիտելիք ունի, նա մեզ մոտ մեծ գնահատական ունի, իսկ մեր նպատակն է ապահովել արդար մրցակցություն»։
Դիմորդներն ընդհանուր առմամբ դրական ակնկալիքներ ունեին քննություններից, իսկ «Անկախ»-ի հետ զրույցում նշեցին, որ նախորդ տարվա համեմատությամբ՝ շտեմարանները բավականին բարդ էին, սակայն իրենք լավ են պատրաստվել ու լավ տրամադրություն ունեն։
Իսկ ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանն էլ նշեց, որ անցյալ տարի պարզ դարձավ, որ դիմորդների թիվը նվազել է. այս տարի առաջին փուլի համար հայտագրվել է 12 346 դիմորդ, ինչը նախորդ տարվա համեմատ մոտ 1500-ով պակաս է։ Այս է պատճառը, որ որոշ մասնագիտությունների համար դիմորդները կկարողանան բուհ ընդունվել առանց միասնական քննությունների` դպրոցական ավարտական քննությունների գնահատականներով, իսկ անվճար սովորելու համար բավարար կլինի ընդամենը մեկ միասնական քննություն հանձնելը:
Գագիկ Մելիքյանը նշեց, որ քննական թեսթերը կազմվում են այն սկզբունքով, որ բարձր գնահատական ստանալը լինի դժվար, իսկ ներքին շեմը հաղթահարելը՝ հեշտ։ Նա հուսով է, որ այս տարի էլ թեսթերի բովանդակության հետ կապված բողոքներ չեն լինի, ինչպես անցյալ տարի։
Հիշեցնենք նաև, որ հունիսի 6-ին դիմորդները կհանձնեն միասնական քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից, հունիսի 10-ին՝ «ֆիզիկայից», «Օտար լեզվից»՝ հունիսի 13-ին, «Մաթեմատիկայից»՝ հունիս 17-ին, «Հայոց պատմությունից» և «Քիմիայից»՝ հունիսի 20-ին, իսկ «Ռուսաց լեզվից» հունիս 23-ին։
Tags: աշխարհագրություն, բուհ, դիմորդ, ընդհանուր պատմություն, ընդունելության միասնական քննություններ, կենսաբանություն






