ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է հանրաճանաչ լիտվացի բասկետբոլիստ Շարունաս Մարչուլյոնիսին

66ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է հանրաճանաչ լիտվացի բասկետբոլիստ, օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչուլյոնիսին` տիկնոջ հետ:

Հանդիպմանը ներկա էին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:

Նախարարը, ողջունելով հյուրերին, իր գոհունակությունն է հայտնել տիտղոսակիր բասկետբոլիստին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հյուրընկալելու կապակցությամբ:

Գ.Ղազարյանն իր խոսքում նշել է, որ մեծ հետաքրքրությամբ և հիացմունքով է հետևում լիտվական բասկետբոլի հաջողություններին և հավելել, որ, ցավոք, մեր երկրում առավել մասսայական են մենապայքարային մարզաձևերը և որպես խաղային մարզաձև բասկետբոլի մասսայականացման ուղղությամբ նախարարության կողմից լուրջ ծրագրեր են իրականացվելու:

Շարունաս Մարչուլյոնիսն իր կողմից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հրավիրել նախարարին ներկա գտնվելու լիտվական բասկետբոլի մասին պատմող <<The other dream team>>  ֆիլմի երևանյան պրեմիերային, ինչին նախարարը համաձայնել է մեծ սիրով:

Հանդիպման ավարտին Գաբրիել Ղազարյանը Շարունաս Մարչուլյոնիսին է հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հուշամեդալ:

Tags: ,