Մասնագետների պնդմամբ՝ Գյուլագարակ – Կուրթան ճանապարհին միջամտելը խիստ վտանգավոր է

05062014Հունիսի 4-ին տեղի ունեցած սողանքն ամբողջությամբ փակել էր հանրապետական նշանակության Գյուլագարակ – Կուրթան ճանապարհը, որը Ձորագյուղը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6  միջպետական ճանապարհին կապող ամենակարճ ուղին է:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներից, երկրաբաններից և ճարտարագետներից ձևավորված մասնագիտական խումբն այցելեց սողանքի վայր՝ տեղում ուսումնասիրություններ կատարելու և համապատասխան լուծումներ գտնելու նպատակով:

Մասնագետները միաբերան նշում են. այստեղ խիստ վտանգավոր է  որևէ տեսակի մեխանիզմի կամ տեխնիկայի միջամտությունը, քանզի ցանկացած պահի սարը կարող է փլուզվել՝ փակելով  ոչ միայն Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհը, այլև ճանապարհով անցնող երկաթգիծն ու թունելները:

Տեղանքում երկրաբանների ակնադիտական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ սողանքը գնալով ակտիվանում է:  Ըստ նրանց՝ նույնիսկ մարդկանց շարժն այդ տարածքում պետք է արգելել:

Որպես խնդրի լուծում՝  մասնագետներն առաջարկում են վերականգնել սողանքային հատվածը շրջանցող 4.2 կմ երկարությամբ այլընտրանքային  ճանապարհը, որը Լոռու և Ալավերդու ճանշինների կողմից հարթեցման աշխատանքներ կատարելուց հետո կդառնա երթևեկելի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ներկայում Ձորագյուղ համայնքի բնակիչները երթևեկում են վթարված ճանապարհահատվածի շարունակությունը կազմող հանրապետական նշանակության ճանապարհով, որը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6  միջպետական ճանապարհին կապող ամենաերկար ուղին է:

Tags: