Երևանի քաղաքապետի տեղակալները շարունակում են մասնակցել վարչական շրջաններում անցկացվող քաղաքացիների ընդունելություններին

1Սահմանված ժամանակացույցով շարունակվում են վարչական շրջանների ղեկավարների կողմից յուրաքանչյուր հինգշաբթի կազմակերպվող քաղաքացիների ընդունելությունները:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ընդունելություններին պարբերաբար մասնակցում են նաև քաղաքապետի տեղակալները:

Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը մասնակցել է Աջափնյակ վարչական շրջանում կազմակերպված բնակիչների ընդունելությանը: Զրուցելով ընդունելության եկած բոլոր բնակիչների հետ և լսելով նրանց կողմից բարձրացվող խնդիրները՝ Կամո Արեյանը  բարձրացված հարցերին տեղում տվել է համապատասխան լուծումներ և սպառիչ պատասխաններ: Անարձագանք չեն մնացել նաև քաղաքապետարանի լիազորություններից դուրս գտնվող հարցերը, որոնց մասով քաղաքացիներն ուղղորդվել են  համապատասխան կառույց:

Քաղաքային իշխանություն-բնակիչ կապն առավել ամրապնդելու և բնակիչներին հուզող հարցերին տեղում ծանոթանալու նպատակով քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը մասնակցել է Ավան վարչական շրջանի ղեկավարի կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելությանը և քաղաքապետարանի լիազորության շրջանակում ներկայացված բոլոր հարցերին համապատասխան ընթացք տվել:

Բնակիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ դրանց անցկացումն ու հատկապես քաղաքապետի տեղակալների մասնակցությունն իրենց  դրական արդյունքն են տալիս և շատ հարցեր լուծում են ստանում հենց ընդունելության ժամանակ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: