Իրանական գազը Եվրոպա արտահանող երեք երթուղիներից մեկը հնարավոր է անցնի Հայաստանով

Iran_gasPlatformԻրանի նավթի նախարարի միջազգային հարցերով տեղակալ Ալի Մաժեդին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը պատրաստ է բնական գազ արտահանել եվրոպական երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա:

«Եվրոպական երկրները կարող են Իրանի բնական գազը ներմուծել երեք առանձին ճանապարհով, ընդ որում՝ նաև թուրքական գազատարով, որը ներկայիս պայմաններում տնտեսապես ամենաարդյունավետն է»,- հայտնել է Ալի Մաժեդին:

Նա ընդգծել է, որ Եվրոպա գազի արտահանումը շահավետ գործարք կլինի, քանի որ Եվրոպան գազի նոր մատակարարներ է փնտրում:

«Երկրորդ երթուղին հնարավոր է անցնի Իրաքով, Սիրիայով, Լիբանանով և Միջերկրական ծովով, իսկ երրորդը` Հայաստանով, Վրաստանով և Սև ծովով»,- ասել է Իրանի նավթի նախարարի միջազգային հարցերով տեղակալը:

Ալի Մաժեդին հավելել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում Պակիստանի և Հնդկաստանի հետ գազային պայմանագրեր կնքելու ուղղությամբ:

Ուշագրավ է, որ Իրանն ունի աշխարհում բնական գազի երկրորդ խոշոր պաշարը և Եվրոպայի համար հուսալի գործընկեր է, առավել ևս, որ  Ուկրաինայի ճգնաժամի պատճառով  ԵՄ-ն ձգտում է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից:

Նշենք նաև, որ Իրանը վաղուց է սպասում այն պահին, երբ հնարավոր կլինի սեփական էներգետիկ ռեսուրսների արտահանումից ստանալ առավելագույն օգուտ: Դրան նախկինում խանգարել են ինչպես Իրան-Արևմուտք բարդ փոխհարաբերությունները, այնպես էլ աշխարհաքաղաքական գործընթացներն ընդհանրապես:

Այժմ իրավիճակն զգալիորեն տարբերվում է: Մոտ է հանգուցալուծումը, երբ Իրանի միջուկային հիմնախնդիրը, որպես հրատապ միջազգային հիմնահարց, այլևս  կարող է սոսկ անցյալի իրողություն դառնալ:

Իսկ ահա, անդրադառնալով Իրանի հանքարդյունաբերության նախարար Մոհամեդ Ռեզա Նեմաթզադեի վերջերս հնչեցրած այն հայտարարությանը, ըստ որի Իրանը պատրաստ է գազ արտահանել Եվրոպա, պետք է ենթադրել, որ իրանական իշխանությունները փորձում են իրատեսորեն գնահատել Ռուսաստանի շուրջը ծավալված միջազգային անբարենպաստ գործընթացները՝ Եվրոպային առաջարկելով սեփական ծառայությունները, իհարկե, եթե վերջինս որոշի վերջնականորեն հրաժարվել ռուսական գազից:

Այդուհանդերձ, իրանական կողմի հիշյալ հայտարարությունն առայժմ եվրոպական երկրների համար ռուսական գազը շրջանցող այլընտրանքային ճանապարհ հուշող ուղերձ է, որի իրականացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե լուծվի իրանական գազամուղի «ճանապարհային քարտեզի» դժվարագույն խնդիրը: Դա, իր հերթին, նշանակում է, որ Իրանը վստահելի գործընկերներ է փնտրելու:

Tags: , ,