Համալիրը աճուրդի է հանվել որպես սովորական անշարժ գույք. փաստաբան

համալիր«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը աճուրդի է հանվել՝ քողարկելու ՀՀ կառավարության կողմից կատարած սխալ վարկային պարտավորությունները», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը։ Ըստ նրա, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելով, որոշ ուժեր մտադիր են ստվերել համալիրում 2005-2007թվականների ընթացքում կատարված մոտ 42 միլիոն դոլարի չափով օտարերկրյա ներդրումների անժխտելի փաստը. նախապես մշակված սցենարով ծուղակ է ստեղծվել ընկերության համար՝ կյանքի կոչելով որոշ մարդկանց՝ համալիրը իրենց համար հարմար գնով ձեռք բերելու ցանկությունը։ Թե ում է խոսքը վերաբերում, Գրիգորյանը չնշեց։ «Ունենք շատ վտանգավոր խնդիր, քանի որ օտարերկրյա ներդրում էլ կա, և վիճակը կհանգեցնի նրան, որ որևէ ծրագրի շրջանակում մարդիկ չեն ցանկանա օտարերկրյա ներդրումներ կատարել» ,- հավելեց նա։
Համալիրի փաստաբան Արմինե Հակոբյանն  ընդգծեց, որ համալիրը աճուրդի է հանվել առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ կառույցն  ունի պատմամշակութային արժեք։ Համալիրի փաստաբանները դիմել են  մշակույթի նախարարություն՝ պարզելու, թե ինչ չափորոշիչներով է գնահատվում պատմամշակութային արժեք հանդիսացող համալիրը, բայց ստացել են պատասխան, որ դեռ նման չափորոշիչներ մշակված չեն:  «Ստացվում է, որ համալիրը աճուրդի հանելիս այն գնահատվել է որպես սովորական անշարժ գույք», – ասաց փաստաբանը ՝ նշելով, որ գործն  այժմ գտնվում է վերաքննիչ դատարանում, և օրինական ուժի մեջ չմտած որոշումով ԴԱՀԿ-ն առաջին աճուրդի չկայացումից հետ կրկնաճուրդ է հայտարարել։
Վերաքննիչ դատարանի հաջորդ նիստը կկայանա հունիսի 11-ին։

Tags: