Խուճապային իրավիճակ Գորիսում, որը կարող է «պատերազմի» հանգեցնել. Լևոն Մութաֆյան

լիսկա1

Ֆեյսբուքյան ակտիվ օգտատեր, թատերագետ Լևոն Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Հունիսի 8-ին տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին շատ քիչ ժամանակ է մնացել, ու Գորիսում ժամ առ ժամ լարվում են կրքերը: Ինչպես գիտենք, ֆավորիտ հանդիսացող Տիգրան Կարապետյանը որոշակի ճնշումների ներքո հանել է իր թեկնածությունը, ու այսօր մնացել է երկու թեկնածու՝ Հրայր Յոլյանը և Վաչագան Ադունցը: Ընտրությունների «գլխավոր դիրիժոր» կարգված Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, խուճապի ու տագնապի մեջ է: Գորիսեցիներից շատ-շատերը հայտարարել են, որ ի հեճուկս նախկին մարզպետի ու Գորիսի «տիրոջ», նրանք իրենց ձայները տալու են Հրայր Յոլյանին, իսկ մի մասն էլ պատրաստվում է «դեմ» քվեարկել երկու թեկնածուին էլ: Հենց այս հանգամանքն էլ լարել է իրավիճակը: Այսօր առավոտվանից, ինչպես տեղեկացնում են Գորիսի մեր աղբյուրները, մի շարք ընտրական տեղամասեր, ՀՀԿ գրասենյակը վերածվել են «մարտական կենտրոնների»: Առավոտվանից, գրեթե անթաքույց, Լիսկայի հանձնարարությամբ ընտրակաշառք է բաժանվում՝ 30 հազար դրամի չափով: Լիսկայի «տղաները» գնում են մարդկանց տները, համոզում, անգամ սպառնում ու բերում «կենտրոններ»՝ ընտրակաշառք ստանալու: Ողջ քաղաքում շրջում են Լիսկայի «ջոկատայինները», կոչեր հնչեցնում, որ եթե ձայն չտան Լիսկայի թեկնածուին, քաղաքի վիճակը շատ վատ կլինի, իշխանությունները երես կթեքեն Գորիսից: Առավել համառներին էլ սպառնում են, որ կզրկվեն իրենց աշխատանքից, կկորցնեն շատ բան…

Սա խոսում է Սուրիկ Խաչատրյանին պատած խուճապի մասին, որովհետև իր թեկնածուի պարտությունը համազոր կլինի իր պարտության, նա կկորցնի իր շատ հենարաններ: Իսկ նրան պետք է հաղթանակ, որպեսզի իշխանություններին համոզի, որ դեռ ուժ ունի և կարողէ գորիսեցիներին իր բռան մեջ պահել: Որոշ աղբյուրներ պնդում են, որ ընտրությունների ելքով է պայմանավորված Լիսկայի հետագա պաշտոնի ստանձնումը: Նրան խոստացել են շատ բարձր պաշտոն մաքսային կառավարման համակարգում: Եվ հիմա, հանուն իր պաշտոնի, Լիսկան կրքեր է բորբոքում Գորիսում, մարդկանց հանում իրար դեմ, դիմում ամենաանթույլատրելի մեթոդների՝ այսպես նաև հարվածի տակ դնելով իր թեկնածուին, որը, ըստ գորիսեցիների, իր որակական հատկանիշներով շատ է տարբերվում հանցագործությունների մեջ թաթախված Լիսկայից… Գորիսեցիներից շատերի զայրույթը գագաթնակետին է հասել, արդեն կրքեր են եռում, ոմանք պատրաստվում են անգամ բռունցքների դիմել, եթե շարունակվեն իրենց վրա ճնշումները”:

 

Անկախ

Tags: , ,