Մասնակցության հրավեր. «ԷկոԽնձրիստան» երիտասարդական վրանային ճամբար

YBA1.jpg1«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ ընդունում է հայտեր «ԷկոԽնձրիստան» երիտասարդական վրանային ճամբարի մասնակցության համար: Վրանային ճամբարը տեղի կունենա ս.թ. հուլիսի 21-26 ԼՂՀ Խնձրիստան գյուղի տարածքում, վրանային պայմաններում: Կեցության (վրան և քնապարկ), սննդի և մասնակիցների տեղափոխման բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները: Մասնակիցների տեղափոխությունը կատարվելու է Երևան քաղաքից: Մասնակիցները ապրելու են դաշտային պայմաններում:

Ճամբարի նպատակն է խթանել էկոկրթությունը և առողջ ապրելակերպը Արցախում, կատարել հաջողված փորձի փոխանակում և Հայաստան-Արցախ երիտասարդական կազմակերպությունների համագործակցության զարգացում: Ճամբարին կարող են մասնակցել  Հայաստանի և Արցախի 18-30 տարեկան երիտասարդ բնապահպաններ, բնապահպանության և հարակից ոլորտների ուսանողներ և մասնագետներ, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ և այլն:

Ճամբարի ընթացքում Հայաստանից և Արցախից շուրջ 60 մասնակիցների համար կիրականացվեն տեսական և գործնական դասընթացներ բնապահպանության, էկոտուրիզմի, առողջ ապրելակերպի, օրգանական սննդի և կամավորական աշխատանքի վերաբերյալ: Ճամբարի շրջանակներում կիրականացվեն ճանաչողական արշավներ, խաղեր,  մրցույթներ, խմբային վարժանքներ և այլն: Նախատեսվում է նաև Հայաստանի և Արցախի երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն կազմակերպությունների գործունեությունը, երիտասարդների համար առկա տեղական և միջազգային ծրագրերը, ինչպես նաև համագործակցության հնարավորությունները:

Գրանցվելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության առցանց հայտը՝ https://docs.google.com/forms/d/10ahf3r1bNB-3HErR4p63EGXisVxrCgZ_6geVdTlomkY/viewform

Tags: , , ,