Կասյան փողոցին հարակից հատվածում վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը

 գյուղատնտեսական մթերքների տոնավաճառԵրևանի քաղաքապետի տեղակալներ Դավիթ Օհանյանը, Արամ Սուքիասյանն ու ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ծանոթացել են մայրաքաղաքի Կասյան փողոցին հարակից հատվածում վերաբացված գյուղատնտեսական մթերքների շուկայի պայմաններին: ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շաբաթվա հանգստյան օրերին այդպիսի շուկաներ գործում են արդեն 4-րդ տարին անընդմեջ: Երևանի քաղաքապետի տեղակալներ Դավիթ Օհանյանը,Արամ Սուքիասյանն ու ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շրջել են շուկայի տարածքում, շփվել մթերք վաճառող գյուղացիների և գնորդների հետ: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ է օգտվել գյուղմթերք գնելու հնարավորությունից` նշելով, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, գյուղնախարարության հետ համատեղ, նման շուկաներ գործարկելու համար, անհրաժեշտության դեպքում, մայրաքաղաքում կառանձնացվեն նոր տարածքներ: Նմանատիպ տոնավաճառների հիմնական առավելությունն այն է,  որ գյուղացին իր արտադրած թարմ գյուղմթերքն առանց միջնորդի անմիջապես վաճառում է սպառողին, ինչը կանխում է ապրանքի գնի արհեստական բարձրացումը:

Վաճառասեղանները գյուղացիներին հատկացվելու են անվճար: Քաղաքապետարանը կհոգա  նաև շուկաներում  պատշաճ սանիտարական վիճակն ապահովելը: Դավիթ Օհանյանը կարևորել է այն հանգամանքը, որ մոտ օրերս շահագործման հանձնվող Իսակովի պողոտա-Լենինգրադյան փողոց նոր ճանապարհահատվածը կնպաստի, որ գյուղացիներն իրենց արտադրանքն ավելի  հեշտությամբ ու արագորեն հասցնեն մայրաքաղաքի տարբեր հատվածներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և  հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: ,