Այս տարի բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությունը անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Թուրքիայի ազգային հավաքականը ևս մասնակցում է այս առաջնությանը: Բազկամարտիկ Զաֆեր Նոյանը, որը հանդես է գալիս Թուրքիայի հավաքականի կազմում, չի կարողացել մտնել Ադրբեջան միայն այն պատճառով, որ «յան» մասիկով վերջացող ազգանուն ունի: Դիարբեքիրցի 24-ամյա մարզիկը «Ակօս»-ին պատմել է Ադրբեջանում տեղի ունեցածի մասին: «Բաքու մեկնեցինք որպես պատվիրակություն: Օդանավակայանում անձնագիրները ստուգելիս բոլորին ներս թողեցին, իսկ ինձ երկար ժամանակ սպասեցրեցին: Սկզբում ասացին, որ համակարգի անսարքություն կա: Քիչ անց ոստիկանապետերը եկան և սկսեցին ինձ հարցաքննել: Հարցրեցին, թե արդյոք հայ եմ, մայրս հայրս որտեղից են, հայկական ծագում ունեմ, թե ոչ: Ես էլ ասացի, որ հայ չեմ: Այնուհետև ինձ հայտնեցին, որ չեմ կարող մտնել Ադրբեջան»,-պատմել է Նոյանը:
Զաֆեր Նոյանը նշել է, որ ֆեդերացիայի պաշտոնյաների գործողությունները արդյունք չտվեցին, և նա ստիպված եղավ վերադառնալու Դիրարբեքիր: Այնուհետև նրան զանգահարել է Բազկամարտի ֆեդերացիայի նախագահը և ասել, որ նրան օգնելու համար ոչինչ չի կարողացել անել: Ինքը՝ Նոյանը, ադրբեջանական կառավարության նման վերաբերմունքի մասին նշել է. «Անիմաստ եմ համարում այս դարաշրջանում կրոնական, լեզվական, ռասայական խտրականությունը»:
Tags: ադրբեջան, Զաֆեր Նոյան
