Իրան-«Վեցնյակ» հերթական բանակցություններին ընդառաջ

araghchi2Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչներն այսօր  կհանդիպեն Ժնևում, ինչին կհաջորդի Իրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջև բանակցային հերթական փուլը:

Սպասվում է, որ բանակցությունների նպատակով Ժնև կժամանի ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ուիլյամ Բեռնսը և ԱՄՆ փոխպետքարտուղար Ուենդի Շերմանը:

ԵՄ-ի ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Ժնևում ԱՄՆ-ի ու Իրանի բանակցություններին կմիանա հունիսի 9-10-ին:

Իրանի ներկայացուցիչները հունիսի 11-12-ին Հռոմում առանձին հանդիպում են անցկացնելու նաև Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ կողմերը քննարկելու են Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցեր:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցային նոր փուլը մեկնարկելու է հունիսի 16-ին: Կողմերը պլանավորել են համապարփակ համաձայնագիր կնքել մինչև հուլիսի 20-ը:

Ուշագրավ է, որ Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցային նախորդ փուլն անցկացվել էր մայիսին և ավարտվել էր անարդյունք: Այն ժամանակ կողմերը միմյանց մեղադրել էին անիրատեսական պահանջներ առաջ քաշելու մեջ:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Tags: ,