Պատգամավորները պահանջում են, որպեսզի արտգործնախարարը խորհրդարանում պարզաբանի Աստանայում տեղի ունեցածը

35E86CDE-2CC3-453C-9AF9-549F6ABE1A16_mw1024_s_nՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանը սովորականից շատ ավելի անհանգիստ է, և որ տեսակետներ կան, թե լարման նոր փուլը կապ ունի Աստանայում տեղի ունեցած իրադարձությունների հետ:

«Մասնավորապես գիտեք, որ մենք Ղազախստահի հետ ՀԱՊԿ անդամ երկրներ ենք և միմյանց անվտանգության հետ կապված ունենք պարտավորություններ, բայց փաստորեն, մեր դաշնակից երկրի ղեկավարն անում է այնպիսի հայտարարություններ, որոնք նոր լիցք են տալիս մեր հակառակորդներին՝ վտանգի տակ դնելով մեր քաղաքացիների ու զինվորների կյանքը»,-ասաց Փաշինյանը:

Պատգամավորն առաջարկեց խորհրդարան հրավիրել ՀՀ արտգործնախարարին՝ ճշգրտումներ անելու ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի ունեցած պարտավորությունների և Ղազախստանի նախագահի պահվածքի կապակցությամբ:

Գալուստ Սահակյանը տեղեկացրեց, որ նույն հարցադրմամբ հանդես են եկել ԱԺ համապատասխան հանձնաժողովը և ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ խոստանալով կազմակեպել աշխատանքայի քննարկում կամ լսումներ:

Իր հերթին Զոհրաբյանը հիշեցրեց, որ դեռևս մայիսի 29-ին դիմել է ՀՀ արտգործնախարարին այդ հարցի վերաբերյալ, սակայն առ այսօր նախարարը հարկ չի համարել պատասխանել իր պաշտոնական դիմումին՝ չնայած որ բոլոր սահմանված ժամկետները սպառվել են:

Գալուստ Սահակյանը նկատեց, որ չորեքշաբթի օրը՝ կառավարության հետ հարցուպատասխանի  ժամանակ, նույնպես կլինեն պատգամավորներ, որոնք այդ հարցը կբարձրացնեն:

Փաշինյանըլ փորձեց գոնե մոտավորապես հստակեցնել հարցի քննարկման կամ լսումների ժամկետները:

«Որոշակի ոչինչ չեմ կարող պատասխանել, պետք է հանձնաժողովը առաջարկի: Համենայնդեպս, ես կառաջարկեմ, որ ամսի 16-ին կամ 17-ին տեղի ունենա»,-պատասխանեց ԱԺ նախագահը:

 

Անկախ

Tags: , , , ,