Խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում է Սահմանադրական դատարանի նոր անդամ: Առաջադրված թեկնածուն Արայիկ Թունյանն է:
Մինչ քվեարկության անցկացումը, նա խորհրդարանում պատասխանեց պատգամավորների հարցերին, սակայն նրա պատասխանները չգոհացրեցին որոշ խորհրդարանականների:
Մասնավորապես, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ Թունյանը «լղոզված» պատասխաններ է տալիս, դրա համար էլ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նրա թեկնածությանը, որպեսզի նա այլևս ԱԺ ամբիոնից ելույթ չունենա:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, որ խորհրդարանին պետք է այնպիսի ՍԴ անդամ, որը կունենա սեփական կարծիք, այլ ոչ թե կհամալրի «Սահմանադրական դատարանի միաձույլ անդամների շարքերը». «Այսօր մենք հանդիպեցինք ԱԺ նախագահի կողմից ներկայացված մի թեկնածուի, որը վախենում է ունենալ սեփական կարծիք ու սեփական տեսակետ: Դուք բոլոր հարցերին տվեցիք խուսափողական պատասխան: Դա միանգամայն բնական է: Իսկ մեզ պետք են մարդիկ, որոնք ունեն համարձակություն արտահայտելու սեփական կարծիք, եթե անգամ այն կտարբերվի ի վերուստ իջեցված պետպատվերից»,-ասաց Զոհրաբյանը:
Արայիկ Թունյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ իր համար ամենակարևորը ՍԴ երդումն է, որը հակիրճ ու բովանդակալից բնութագրում է ՍԴ անդամի պահվածքը, իսկ մնացածը երկրորդական հարցեր են:
Tags: Ազգային ժողով, Արայիկ Թունյան, Նաիրա Զոհրաբյան
