ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում, անդրադառնալով ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանի ներկայացրած Հայաստանի հերթական վարկային նախաձեռնությանն ու այն կետին, որ Հայաստանի կառավարությունը «Հյուսիս-հարավ միջանցքի» ֆինանսական պայմանագրի շրջանակներում Եվրոպական ներդրումային բանկից կվերցնի հերթական վարկը՝ 60 մլն եվրոյի չափով, արձանագրեց. «Հայաստանի արտաքին պարտքն ընդհուպ մոտենում է 5 մլրդ դոլարի սահմանագծին:Եթե հիշում եք, Հյուսիս-Հարավ ճանապարհին ծախսված միջոցների արդյունավետության վերաբերյալ վերահսկիչ պալատը կիսաաղմկահարույց տվյալներ էր ներկայացրել: Մամուլում ևս բազմաթիվ հրապարակումներ եղան այս ճանապարհի հետ կապված մշակված ատկատների փառահեղ մեխանիզմների մասին: Իսկ այսօր Աժ է բերվել մի նոր նմանատիպ օրինագիծ: Ուզում եմ հայտնել, որ ԲՀԿ խմբակցությունը հանդես է գալու նախաձեռնությամբ և պահանջելու է, որ կառավարությունն այսուհետ նախքան նոր վարկային նախաձեռնություն ԱԺ բերելը նախ հաշվետվություն ներկայացնի նախկին` առավել խնդրահարույց, խիստ կասկածելի վարկային ծրագրերի հետ կապված»:
Tags: բհկ, Նաիրա Զոհրաբյան