Ուզում եմ ՀՀ իշխանությանը շնորհավորել, որովհետև սա հոբելյանական համաձայնագիր է` ՀՀ արտաքին պարտքը գերազանցում է 4 մլրդ դոլարի սահմանագիծը. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ ՓաշինյանԱյսօր  ԱԺ-ում ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացրեց Հայաստանի հերթական վարկային նախաձեռնությունը: Նա հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը «Հյուսիս-հարավ միջանցքի» ֆինանսական պայմանագրի շրջանակներում Եվրոպական ներդրումային բանկից կվերցնի հերթական վարկը՝ 60 մլն եվրոյի չափով: ԱԺ ոչ իշխանական ուժերը բնավ չեն ողջունում այս գաղափարը: Մասնավորապես, մտքերի փոխանակման ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա և առաջիկայում դեմ է քվեարկելու բոլոր վարկային ծրագրերին: Ելույթի նրա տեքստում, մասնավորապես, ասված էր. «Կապի և տրանսպորտի նախարարը մեզ է ներկայացնում 200 մլն-ի վարկային պարտավորություն: Ուզում եմ ՀՀ իշխանությանը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շնորհավորել, որովհետև սա,ըստ էության, հոբելյանական համաձայնագիր է, այսպիսով  ՀՀ արտաքին պարտքը գերազանցում է 4 միլիարդ դոլարի սահմանագիծը: Ես, 2012 –ի հունիսին ստանձնելով պատագամավորի պաշտոնը, դեմ եմ քվեարկել բոլոր վարկային ծրագրերին, քանի որ, եթե արձանագրում ենք, որ կոռումպացված է իշխանությունն, ապա կողմ քվերակել նրա վերցնելիք վարկերին,  կնշանակի կանաչ լույս վառել կոռումպացված իշխանությունների համար: Խնդիրն այստեղ Հյուսիս-հարավ մայրուղու ծրագրի լավ ու վատ լինելը չէ, կարելի է նման այլ մայրուղիներ էլ կառուցել, բայց խնդիրն այն է, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը ոտքն  իր վերմակի գյորա մեկնում: Իհարկե, կարելի է ընդհանրապես քառասուն մլրդ վերցնել ու ոսկեջրել բորդյուրները: Բայց խնդիրն այն է, թե ո՞վ է վճարելու դրա դիմաց: Եթե Հայաստանն ուզում է մայրուղի, նշանակում է , որ պետք է տնտեսությունը զարգացնի այնպես, որ կարողանա դա անել ավելի մատչելի տարբերակով: Վստահ եմ, որ այս տեմպերով շատ շուտով արտաքին պարտքը հատելու է մեկ ուրիշ հոբելյանական սահմանագիծ: Ես, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա և առաջիկայում, դեմ  եմ քվեարկելու բոլոր վարկային նախաձեռնություններին»:

Tags: ,