Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլն ավարտված է: Քիչ առաջ ժյուրին, որի կազմում ընդգրկված են հայտնի դաշնակահարներ ամբողջ աշխարհից, հայտարարեց այն չորս մասնակիցների անունները, ովքեր հայտնվել են եզրափակիչ փուլում:
Այսպիսով ` գլխավոր մրցանակի հավակնորդներն են Ռան Ջիա (Չինաստան), Ստեփան Սիմոնյան (Ռուսաստան), Անաստասիա Նեստերովա (Ռուսաստան), Եվգենի Ստարոդուբցև (Ռուսաստան):
Վաղը մրցույթում հանգստի օր է: Տեղի կունենան փորձեր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:
Եզրափակիչ փուլ կտևի երկու օր. մասնակիցները Երիտասարդական նվագախմբի հետ համատեղ ելույթ կունենան հունիսի 12-ին և 13-ին: Երիտասարդ դաշնակահարները կներկայացնեն Արամ Խաչատրյանի, Սերգեյ Պրոկոֆևի, Ֆրեդերիկ Շոպենի և Պյոտր Չայկովսկու դաշնամուրի կոնցերտները:
Արամ Խաչատրյանի անվամ միջազգային երաժշտական մրցույթը ունի բարձր պարգևավճարներ: Առաջին մրցանակը` 15 հազար դոլարին համարժեք գումար, երկրորդը` 10 հազար, երրորդ ու չորրորդ տեղերի համար նախատեսված է համապատասխանաբար 4 և 2 հազար դոլարին համարժեք պարգևավճար:
Հոբելյանական 10-րդ մրցույթի փակումը տեղի կունենա հունիսի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում պարևատրման հանդիսավոր արարողությամբ և գալա համերգով:
Tags: Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ, գլխավոր մրցանակ