Դիմորդներն այսօր միասնական քննություն են հանձնում Ֆիզիկայից (լուսանկարներ)

fizikaԱյսօր ՀՀ տարածքում ձևավորված 14 քննակենտրոններում 2150 դիմորդներ միասնական քննություն են հանձնում Ֆիզիկա առարկայից: Սա միասնական քննությունների երրորդ օրն է: Մինչ այս դիմորդներն արդեն քննություն են հանձնել Կենսաբանություն, Աշխարհագրություն, Ընդհանուր պատմություն, Հայոց լեզու և գրականություն առարկաներից:

ԵՊՀ-ում տեղակայված քննակենտրոնում այսօր քննություն է հանձնում մոտ 240 դիմորդ: Այստեղ կազմակերպիչները քննության կարգն ու քննաթերթիկը լրացնելու ձևն են բացատրում դիմորդներին, ապա կոչ անում բջջայինները հանձնել, եթե հանկարծ դեռ չեն հանձնել, այլապես քննասենյակից կհեռացվեն այն դիմորդները, որոնց մոտ բջջային կգտնվի: Կոչին արձագանքում են մի քանի դիմորդներ ու հանձնում բջջայինները, որոնք իրենց իսկ խոսքով, պարզապես մոռացել էին ու չէին հանձնել քննասենյակ մտնելիս:

Ապա բացվում են թեստերի ծրարները և 9:30 մեկնարկում է քննությունը: Այն կավարտվի երեք ժամից: Իսկ գնահատականները կհրապարակվեն հինգ օր անց:

Գեղամ Մարգարյանը ԵՊԲՀ դիմորդ է, սա բուհ ընդունվելու երկրորդ փորձն է: Ասում է, որ երկու տարի պարապել է կրկնուսույցի մոտ և ակնկալում է հնարավորինս բարձր գնահատական ստանալ: Ասում է, որ առանց պարապելու, դպրոցի գիտելիքներով կկարողանար ընդամենը նվազագույն դրական միավորի ակնկալիք ունենալ:

Գեղամը նաև նշում է, որ նախորդ տարվա համեմատ շտեմարանում առաջադրանքների ծավալն է ավելացել, իսկ առաջադրանքների թվում` պնդումների շարքը: Սակայն, նրա խոսքով, բարդության առումով այս տարվա շտեմարանները նախորդին նման են եղել, միայն թե սխալներն են համեմատաբար շատ եղել:

Քրիստինա Ղարիբյանն էլ Ավիացիոն ինստիտուտի դիմորդ է, այսօր իր միասնական առաջին քննությունն է հանձնում, ասում է, որ մոտ կես տարի է պարապել կրկնուսույցի մոտ: Խոսելով շտեմարանների որակից ասում է. «Միջին մակարդակի են, ձևակերպումների մեջ շատ սխալներ կան, չնայած խնդիրները շատ լավն են»:

ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանն ասում է, որ մինչ այս անցկացված քննությունները հարթ են անցել, թեստերում սխալներ չեն հայտնաբերվել: Հունիսի երեքի  քննությունների բողոքարկումը կայացել է, սակայն բողոքարկել են հիմնականում կտրված դիմորդների ծնողները`պնդելով, որ քննության ժամանակ իրենց երեխան վատ է զգացել, պարզապես չի բարձրաձայնել այդ մասին: «Այն երեխաները որոնք դահլիճից դուրս չեն եկել,  և բժիշկը չի արձանագրել  վատ զգալը,  նրանց  չի թույլատրվի քննություն հանձնել երկրորդ անգամ»,- ասում է Մելիքյանը:

Բողոքարկման դիմումները կուսումնասիրի կառավարության կողմից ձևավորված բողոքարկման հանձնաժողովը: Բողոքարկումների վերաբերյալ որոշումները կհրապարակվեն միասնական քննությունների ավարտից հետո:

Խոսելով Կենսաբանության գնահատականների նվազման փաստից, Մելիքյանն ասում է, որ գնահատականները նույնն են, ինչ նախորդ տարի եղել է մյուս բնագիտական առարկաներից.  «Ցանկալի կլիներ, որ Կենսաբանությունից կտրվողների թիվը փոքր լիներ, բայց դա որևէ ազդեցություն չի ունենա մրցույթի վրա»: Նրա խոսքով`նախորդ տարի կենսաբանության թեստերի հեշտ լինելն անհավասար պայմաններ էր ստեղծել բնագիտական առարկաներով բուհ ընդունվեղների համար, ինչն այս տարի չի լինի:

Tags: , , ,