Երեւանի Տերյան փողոցում գտնվող Աֆրիկյաննեի տան մոտ քիչ առաջ քաշքշուկ է եղել: Մի խումբ ակտիվիստներ հավաքվել էին գերակա շահ ճանաչված եւ քանդման ենթակա հին շենքի մոտ՝ իրենց հետ գործիքներ բերելով եւ փորձելով ապամոնտաժել Աֆրիկյանների տունը շրջապատող ցանկապատը, հաղորդում է news.am-ը:
Տարածք նաեւ ոստիկաններ են ժամանել, որոնք ակտիվիստներից պահանջել են դադարեցնել ապամոնտաժումը եւ հեռանալ: Առաջացել է քաշքշուկ, որի ընթացքում մոտ մեկ տասնյակ անձանց բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Բերման ենթարկվածների թվում են Վահագն եւ Հերբերտ Գեւորգյանները, Վահագն Մինասյանը, Անտոն Իվչենկոն, Սիփան Փաշինյանը եւ այլք:
Այս պահին Կենտրոնականի բաժնի մոտ է գտնվում նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով կարողացել է մուտք գործել բաժին եւ հանդիպել բերման ենթարկվածներին:
Նշենք, որ հունիսի 9-ին «Փրկենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որում ապօրինություն էր որակել 19-րդ դարի հայտնի շինությունը քանդելու որոշումը:
Բերման ենթարկվածների լուսանկարը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից
Tags: Աֆրիկյանների տուն, Երեւան, նիկոլ փաշինյան, ոստիկաններ, Տերյան փողոց