«Կոմունալ ծառայության ամեն մի բարձրացում խփում է սպառողի գրպանին». Ռոբերտ Նազարյան

downloadՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հանձնաժողովի երկու այլ պաշտոնյաների հետ ԲՀԿ խմբակցության նախաձեռնությամբ այսօր հանդիպել է խմբակցության պատգամավորների հետ՝ էլեկտրաեներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ պարզաբանումներ տալու:

Այս մասին Ազգային ժողովից դուրս գալիս մի խումբ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռոբերտ Նազարյանը:

Նրա խոսքով, իրենք շատ մանրամասն ներկայացրել են սակագնի բարձրացման հիմնավորումները և փորձել են ընկալելի դարձնել դա պատգամավորներին: «Իսկ ընկալել են, թե ոչ, արդեն իրենց հարցրեք»,-խորհուրդ տվեց Նազարյանը:

Ըստ նրա, այսօր  արդեն իրենց պաշտոնական կայքում 98 տոկոս ճշտությամբ կներկայացվի, թե ինչ բարձրացում է սպասվում. «Մոտավորապես 3.85 դրամի սահմաններում բարձրացում կլինի: Իմ գնահատմամբ, տարեկան կտրվածքով դա ամեն մի ընտանիքի վրա  8-9 հազար դրամի բեռ է առաջացնելու»,-ասաց նա:

Սակագնի բարձրացումը հավանաբար տեղի կունենա օգոստոսի 1-ից:

Այնուամենայնիվ, հարցը քննարկումների փուլում է, և հանձնաժողովի պաշտոնյաները պատրաստ են  հանդիպելու բոլոր նրանց հետ, որոնք շահագրգիռ են և ուզում են ծանոթանալ իրենց հաշվարկների հետ: Նազարյանը հայտնեց, որ վաղը պատրաստվում են հանդիպել ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ, ինչպես նաև Հանրային խորհրդից են հարցը քննարկելու առաջարկ ստացել:

«Եթե մեզ կարողանան ցույց տալ մի ծախսային հոդված, որ մենք հիմնավորված չենք ընդունել և կարելի է նվազեցնել, ես խոստանում եմ, որ անպայման հաշվի կառնենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի էլեկտրոցանցերին, ապա նա նշեց, որ ընկերության ներկայացրած փաստարկների մի մասի հետ համաձայնել են, մի մասի հետ՝ ոչ և ըստ այդմ էլ կատարել բարձրացումը: Դիտարկմանը, որ ընկերության կորուստները փաստացի ավելի մեծ են, քան իրենց տրվող մարժան, Նազարյանն ասաց, որ դա ընկերության խնդիրն է. «Թող իրենց շահույթների հաշվին փակեն: Անխուսափելի տեխնոլոգիական կորուստները, որոնք գնահատել է նաև մեր էներգետիկայի ինստիտուտը, դրանից ավել չենք նախատեսի սակագների հաշվարկման ժամանակ, թող  իրենք ձգտեն ու հասնեն մեր սահմանած կորուստների մեծությանը»:

Սահմանին գազի թանկացման վերաբերյալ լուրերը Նազարյանը դա հերքեց: Գոնե այս տարվա համար նա վաստահ հայտնեց, որ գազի թանկացում չի լինի:

Էլեկտրաեներգիայի սակագնի բարձրացման հետևանքով սոցիալական նոր լարվածության առաջացման վերաբերյալ մեր հարցին ՀԾԿՀ նախագահն ասաց. «Դա շատ ցավոտ հարց է, բայց չեմ գտնում, որ դա պետք է մեզ ուղղեք: Իսկ ընդհանրապես, միշտ էլ, երբ սակագների վերանայում է լինում, և մենք ստիպված ենք լինում բարձրացնել, ես միշտ ասում եմ՝ ինձ համար ամենաանընդունելի որոշումներից մեկն եմ կայացնելու: Ես էլ ձեր նման սպառող եմ, ունեմ հարազատ, մոտիկ մարդիկ, ի վերջո՝ մեր սպառողները, որոնց շահերն էլ մենք կոչված ենք պաշտպանելու: Իհարկե պրոբլեմ է: Կոմունալ ծառայության ամեն մի բարձրացում խփում է սպառողի գրպանին: Բայց այդ խնդիրը կառավարությունը պետք է լուծի՝ իր սոցիալական  ծրագրերի մեջ փոփոխություններ մտցնելով, սոցիալապես անապահով խավերի թոշակը, աշխատավարձերը բարձրացնելով»:

Ըստ Նազարյանի՝ իրենք դատապարտված են բարձրացնելու էլեկտրաեներգիայի սակագինը, և եթե մի աննշան հնաավորություն էլ ունենային, ապա այդ քայլին չէին գնա:

«Մենք ունենք գործառույթների շրջանակ, որ պետք է կատարենք՝ ապահովելու հուսալի և անվտանգ էլեկտրաեներգիայի մատակարարում: Եթե  մենք այս քայլերը չանենք, ապա 2-3 տարի հետո կկանգնենք լուրջ խնդիրների առաջ»,-ասաց նա:

Նազարյանը նաև զարմացած է, թե ինչու ժողովուրդը տարբեր ապրանքների գների բարձրացման ժամանակ նման արձագանք չի հնչեցնում, իսկ հենց էլեկտրաեներգիայի սակագնի բարձրացում է լինում, որը իր տեսակարար կշռով շատ ավելի փոքր է, մարդիկ շահարկման առարկա են դարձնում: «Բայց ոչ ժողովուրդը, մեր ժողովուրդն իսկապես շատ իմաստուն է»,-նկատեց նա:

 

Անկախ