Պատշաճ տեսքի է բերվել հայ ժողովրդի բարեկամ Անրի Սաբիի մասունքներն ամփոփող շիրիմը

 Անրի Սաբիի մասունքներՄի խումբ մտավորականների անունից «Արեգ» հրատարակչության տնօրեն Սամվել Գասպարյանը դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` հայ ժողովրդի մեծ բարեկամ, Ֆրանսիայի Ազգային ժողովի  և Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Անրի Սաբիի մասունքների մի մասը Երևանում ամփոփող շիրիմը բարեկարգելու  խնդրանքով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ անմիջապես միջոցներ  են ձեռնարկվել  նշանավոր հայասերի գերեզմանի տարածքը բարեկարգելու և պատշաճ տեսքի բերելու նպատակով: Անրի Սաբիի մասունքներն ամփոփող շիրիմին ծաղիկներ են խոնարհել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, Փարիզի «Չոբանյան» ինստիտուտի տնօրեն Վարուժան Սրապյանը, ՀՀ-ում  Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ:

Հատկապես մեծ են Անրի Սաբիի`Հայոց Մեծ Եղեռնի համաշխարհային ճանաչմանը միտված ջանքերը, որոնց շնորհիվ էր նաև, որ 1987 թվականին Եվրախորհրդարանն ընդունել է հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև: 2011 թվականին Անրի Սաբին պարգևատրվել է «Մխիթար Գոշ» շքանշանով:

Անրի Սաբին իր կտակում ցանկություն էր հայտնել մահվանից հետո իր աճյունի մասունքներն ամփոփել Ֆրանսիայում, Հայաստանում և Արցախում: Նրա մասունքները Երևանում ամփոփված են քաղաքային պանթեոնում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Tags: , , , , ,