Ադրբեջանցի երիտասարդ դերասան Էլշան Օրուջևը, ով առավել հայտնի է ադրբեջանական ATV հեռուստաալիքով հեռարձակվող “Bozbaş Pictures” հումորային շոուից Ֆելաքեթի կերպարով, երկրի նախագահ Իլհամ Ալիևից որպես նվեր տուն է ստացել, տեղեկացնում է “Հագին” լրատվական կայքը՝ հղում կատարելով ադրբեջանական “Մոդերն” լրատվական կայքին:
Ըստ տեղեկության՝ ոչ պաշտոնական միջոցառումներից մեկի ժամանակ, որին մասնակցել է նաև Իլհամ Ալիևը, Էլշան Օրուջևը կրկին ներկայացել է Ֆելաքեթի՝ գյուղացի տղայի կերպարով, ով տարբերվում է իր հիմարությամբ:
Օրուջևը անմիջականորեն մոտեցել է նախագահին և զարմացրել է նրան իր ամենահայտնի հայտարարությամբ. “Ինչքանո՞վ ինձ կվաճառեք սա: Ասում են՝ Դուք շատ գեղեցիկ տուն ունեք, ինչքանո՞վ այն կվաճառեք ինձ”: Այս ամենը նախագահ Ալիևի ծիծաղն է առաջացրել:
“Իմը չեմ վաճառի, բայց քեզ այլ տուն կտամ”,- պատասխանել է երկրի նախագահը:
Ըստ կայքի՝ նախագահը իր խոստումը կատարել է և դերասանին նոր տուն է նվիրել:
Tags: Իլհամ Ալիև