Քառյակն իր պահանջների կատարումը կամփոփի աշնանը

unnamed (1)Խորհրդարանական քառյակի ներկայացուցիչներն իրենց համատեղ հայտարարությունը հրապարակելուց և փաստաթուղթը ստորագրելուց հետո պատասխանեցին լրագրողների հարցերին:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ հայտարարության մեջ փորձել են ամրագրել այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են երկրի առջև, և որոնց լուծումն էապես կնպաստի ՀՀ քաղաքացու վիճակի բարելավմանը:

«Աշնանը մենք կամփոփենք, թե որքանով են կատարվել այս առաջնահերթ խնդիրները և միասնաբար կծրագրենք մեր համատեղ հետագա քայլերը»,-ասաց նա:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այս փաստաթղթի մշակումն ու հրապարակումը համարեց մեծ հաջողություն և բավականին դժվարին աշխատանքի արդյունք. «Բանն այն է, որ չորս քաղաքական ուժերը շատ տարբեր պատկերացումներ ունեն և՛ գաղափարախոսական, և՛ քաղաքագիտական, և՛ մեթոդաբանական հարթություններում: Ուժերի մի մասն ավելի արմատական, ավելի հեղափոխական փոփոխությունների կողմնակից է, մյուս մասն՝ ավելի շրջահայաց և ավելի դանդաղ ընթացքի:  Սակայն բոլորիս միավորում է անհանգստությունը, որ երկիրը կործանվում է, վտանգված է Հայաստանի և  ԼՂՀ-ի անվտանգությունը, պետական ինստիտուտների նկատմամբ խարխլված է ժողովրդի վստահությունը, աղետալի արտագաղթ է, համակարգային կոռուպցիա և անարդարություն»,-ասաց նա:

Զուրաբյանի խոսքով՝ սույն համաձայնագիրը մի միասնական օրակարգ է, որը քառյակը ժողովրդի հետ և ժողովրդի ակտիվ մասնակցությամբ հետապնդելու է:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ողջունելով համատեղ հայտարարությունը, նշեց, որ սա նոր մակարդակ է քաղաքական ուժերի համագործակցության մշակույթի բնագավառում. «Առաջին անգամ մենք ավելի մեծ օրակարգով ու ցանկով ենք ներկայացնում  մեր համատեղ գնահատականներն ու մոտեցումները ստեղծված իրավիճակի հետ կապված»,-ասաց նա:

Պատգամավորը կարծում է, որ այս հայտարարությամբ քառյակը չեզոքացնում է նաև այն տեսակետը, թե իբր ընդիմությունն ամեն ինչ սևացնելու նպատակով է անում:

«Մենք ներկայացրել ենք շատ իրական ու իրատեսական քայլեր, որոնք հնարավոր է իրականացնել  այն ժամկետներում, որոնց մասին մենք խոսում ենք: Երկրի գահավիժման այս ընթացքի շարունակվելը հարվածելու է բոլորիս՝ անկախ նրանից, թե մենք որ դաշտում ենք գտնվում:  Եվ օր առաջ ճիշտ գնահատելով առկա մարտահրավերները, ճգնաժամի խորությունը և դրան համապատասխան քայլեր կատարելը պետք է լինի նոր կառավարության և իշխանությունների սրբազան պարտքը»,-ասաց Ռուստամյանը:

Նա նաև գտնում է, որ սա հիանալի հնարավորություն է կառավարության համար՝ ապացուցելու, որ իսկապես պատկերացնում է պահի լրջությունը և կատարելու քայլեր, որոնք համահունչ կլինեն այս հայտարարության մեջ բերված ուղղություններին:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ ավելացրեց. «Մեր քաղաքական կյանքը, սակայն, սրանով չի ավարտվում: Մենք այնքան միամիտ չենք, որ ասենք՝ այս 12 կետով պետության մեջ արմատական փոփոխություններ կլինեն: Սակայն այս չափից դուրս իրական մոտեցումների, պահանջների իրականացման դեպքում պետության մեջ բավականին լուրջ փոփոխություններ տեղի կունենան: Մեր համագործակցության սկզբունքը եղել է ռեալ պոլիտիկի դիրքերից աշխատելը»:

Իսկ եթե չբավարարվեն քառյակի իրատեսական պահանջները, ո՞րը կլինի հաջորդ քայլը: Հարցին ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ քառյակը կհավաքվի և կփորձի համաձայնեցնել հետագա քայլերը, ինչպես եղավ կառավարության հրաժարականի պահանջից հետո ստեղծված իրավիճակի ժամանակ:

Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց իրենց խմբակցության տեսակետը. «Կլուծվե՞ն մեր առաջադրած հարցերը, թե ոչ, շատ քիչ ժամանակ է մնացել սպասելու, որից հետո մենք միասին կծրագրենք մեր հետագա քայլերը: ԲՀԿ-ի համար տաբու հարցեր ու խնդիրներ չկան»:

Ռուբեն Հակոբյանի կարծիքով՝ համապետական հանրահավաքի ժամանակ կգնահատվի, թե իշխանությունները որքանով են անդրադարձել իրենց պահանջներին, և դրանից ելնելով էլ քառյակը կհայտնի իր համատեղ գործողությունների մասին: «Մենք խնդիր ենք դնում համակարգի փոփոխության, և մեր քայլերը տանում են դրան»,ասաց նա:

ՀԱԿ-ի համար միակ ընդունելի համակարգը Սահմանադրությունն ու ազատ և արդար ընտրությունների ինստիտուտն է. «Եթե այդ համակարգը գործում է, անձերը կարևոր չեն, որովհետև անձերին որոշում է ժողովուրդը: Սա է մեզ համար համակարգային իշխանափոխությունը»:

 

Անկախ

Tags: