1968 թվականին Անգլիայի քաղաքացի 19-ամյա Ջանա Հարբը գաղտնի կերպով ամուսնացել էր Սաուդյան Արաբիայի այն ժամանակվա թագավոր Ֆահդի հետ: Սակայն նրանց ամուսնությունը երկար չէր տևել: Քանի որ աղջիկը չէր համապատասխանում թագավորական ընտանիքին, երկու տարի անց նրան հետ էին ուղարկել Անգլիա՝ լռության համար խոստանալով 12 մլն սթերլիգ և երկու բնակարան: Այնուհետև թագավորական ընտանիքից ոչ մի գումար չստացած աղջիկը պատերազմ հայտարարեց նրանց և սաուդ արքայազն Աբդուլ Ազիզը, որպես թագավորի ներկայացուցիչ, ներքաշվեց դատական գործընթացներում:
2003 թվականին Ջանա Հարբին առաջարկեցին վճարել խոստացված 12 միլիոնն ու Լոնդոնի կենտրոնում երկու բնակարան տալ: Սակայն այս անգամ էլ խոստումը չկատարվեց, քանի որ Աբդուլ Ազիզը, օգտվելով իր անձեռնմխելիությունից, չենթարկվեց դատարանի որոշմանը և հրաժարվեց վճարել փոխհատուցումը: Թուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ՝ տարիներ տևած դատական գործը երեկ ի վերջո ավարտվել է: 11 տարի անց Ջանա Հարբին հաջողվել է հաղթել այս պայքարում: Նա նշել է, որ եթե արքայազնը որոշի բողոքարկել և գործը տեղափոխվի բարձրագույն դատական ատյաններ, ապա նա ֆիլմի կվերածի սաուդյան պալատում անցկացրած տարիների մասին իր գիրքը, որը ներկայումս շարադրում է:
Tags: Սաուդյան թագավորական ընտանիք