Իրանի նախագահ Հասան Ռոհանին Անկարա կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է, որ Իրանն անելու է ամեն հնարավորը, որպեսզի հասնի միջուկային իր ծրագրի իրականացման վերջնական համապարփակ համաձայնագրի ստորագրմանը:
«Իրանն արդեն ցույց է տվել, որ միջուկային իր ծրագիրը հետապնդում է խաղաղ նպատակներ: Կանենք ամեն հնարավորը, որպեսզի «Վեցնյակի» հետ վերջնական պայմանագիր կնքենք»,-ասել է Իրանի նախագահը:
Ռոհանիի այս հայտարարությունը բարձրաձայնվել է նաև Ժնևում` Իրանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների ժամանակ:
Այդ խորհրդակցություններն անցկացվել են հունիսի 16-ին` Վիեննայում Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցությունների հերթական փուլից առաջ:
Տեղեկացնենք, որ Իրանի ներկայացուցիչները հունիսի 11-12-ին Հռոմում առանձին հանդիպում են անցկացնելու նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ կողմերը քննարկելու են Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցեր:
Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցային նոր փուլը մեկնարկելու է հունիսի 16-ին: Կողմերը պլանավորել են համապարփակ համաձայնագիր կնքել մինչև հուլիսի 20-ը:
Ուշագրավ է, որ Իրանի և «Վեցնյակի» միջև բանակցային նախորդ փուլն անցկացվել էր մայիսին և ավարտվել էր անարդյունք: Այն ժամանակ կողմերը միմյանց մեղադրել էին անիրատեսական պահանջներ առաջ քաշելու համար:
Նշենք, որ 2013-ի նոյեմբերին Ժնևում համընդհանուր համաձայնագիր էր կնքվել, որը երաշխավորում է իրանական միջուկային ծրագրում ռազմական բաղադրիչի բացակայությունը: Համապարփակ համաձայնագիրը պետք է մշակվեր մինչև 2014-ի հուլիսի 20-ը:
Այդ ժամանակ «Վեցնյակը» և Իրանը պայմանավորվեցին, որ Թեհրանը ժամանակավորապես սահմանափակի միջուկային ծրագրի իրականացումը` ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասնակի դադարեցման դիմաց:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Tags: «Վեցնյակի», իրան, Հասան Ռոհանի