Ավտոճանապարհների տեսախցիկները դարձել են սոցիալական բեռ մարդկանց համար. ակտիվիստներ

DSC09247«Ավտոճանապարհների տեսախցիկները դարձել են սոցիալական բեռ մարդկանց համար», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դո՛ւրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը: Նա վերահաստատեց շարժման ակտիվիստների  կամքը շարունակելու իրենց պայքարը:

Նրանք, մասնավորապես,  պահանջում են վերացնել կարմիր գծերը,
5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում,
դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:

«Սրանք անհրաժեշտ պայմաններ են հարյուր հազարավոր վարորդների համար: Շատ դեպքերում մարդիկ տեսախցիկների արձանագրած խախտումների տուգանքները մարելու համար վարկեր են վերցնում, ինչի հետևանքով  մի ամբողջ ընտանիք հայտնվում է ծանր իրավիճակում: Նման բան նախկինում չէր եղել; Մենք չենք պահանջում ընդհանրապես վերացնել տուգանքները: Պարզապես դրանք պետք է համապատասխան լինեն ՀՀ քաղաքացու ստացած նվազագույն աշխատավարձին: Բացի այդ, ես կողմ եմ, որ կոպիտ խախտումենր կատարածների տուգանքերը մի քանի անգամ մեծացվեն, սակայն չի կարելի նման աննշան խախտումների համար այդքան մեծ տուգանքներ նշանակել», – նշեց Վարդան Հակոբյանը` շեշտելով, որ տեսախցիկները իրենց հակառակ էֆեկտներն են տալիս. նա ներկայացրեց տվյալներ, որոնց համաձայն, տեսախցիկներ և արագաչափեր տեղադրելուց հետո խախտումների թիվը  չի պակասել:

Նախաձեռնության մյուս անդամները անդրադարձան հունիսի 10-ին կայացած բողոքի երթին, որի ժամանակ, ըստ ակտիվիստների, իրավապահ մարմինները խախտումներ են կատարել: Հիշեցնենք, որ ավտոերթի ընթացքում երկու մասնակից բերման ենթարկվեցին, ովքեր  որոշ ժամանակ անց ազատ արձակվեցին.  «Ձերբակալվածներից մեկը ես էի, պնդում եմ, որ մեզ ձերբակալեցին անհիմն, նախորդ երկու երթերի ժամանակ էլ նույն երթով ենք կատարել մեր բողոքի ակցիան, բայց երեկ ՊՊԾ ծառայությունը հրահանգավորված, միտումնավոր եկել էր խափանելու մեր ակցիան ու դա նրանց ինչ-որ տեղ հաջողվեց»,- ասաց նախաձեռնության ակտիվիստ Արտաշես Միսակյանը:

Արսեն Պետրոսյանն իր հերթին տեղեկացրեց, որ հաջորդ երթին դուրս են գալու իրենց ընտանիքի անդամների և երեխաների հետ միասին. «Թող մեր պատկան մարմինները տեսնեն՝ ումից են տանում էդ գումարները»,- ասաց նա:

Անկախ

Tags: , , ,