Բնակիչների խնդրանքով մայրաքաղաքում կկառուցվի ևս մեկ բակ

006ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հուշաքանդակի հանդիսավոր բացման արարողության ավարտից հետո, Ավագ Պետրոսյան 2 շենքի բնակիչները, օգտվելով առիթից, բակի բարեկարգման խնդրանքով դիմել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բնակիչների ուղեկցությամբ այցելելով բակային տարածք՝ քաղաքապետը տեղում ծանոթացել է բակի ներկա վիճակին, լսել քաղաքացիների առաջարկները: Ընդառաջելով բնակիչների խնդրանքին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է Ավագ Պետրոսյան 2 շենքի բակի բարեկարգումը ևս ներառել այս տարվա բակերի համալիր բարեկարգման ծրագրում և հնարավորին սեղմ ժամկետում սկսել բարեկարգման ու խաղահրապարակի կառուցման աշխատանքները: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին իրենց խնդրանքը չմերժելու և, ընդհանրապես, երևանցիների կողմից բարձրացվող խնդիրների լուծման նկատմամբ ցուցաբերվող մշտական հետևողականության համար՝ բնակիչները նշել են, որ բակերի բարեկարգման ծրագիրն իսկապես սպասված է երևանցիների համար, իսկ իրենց բակի պարագայում՝ նաև անհրաժեշտություն: Տարոն Մարգարյանն իր հերթին վստահեցրել է, որ մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում առաջիկա տարիների ընթացքում բարեկարգ ու հարմարավետ կդառնան երևանյան բոլոր բակերը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Tags: , ,