Որմնանկար ընդդեմ բռնության

Kathy Leach and UNԱյս շաբաթ Լոնդոնում ՄԹ Արտաքին գործերի և համագործակցության երկրների նախարար Ուիլիամ Հեյգն ու ՄԱԿ ՓԳՀ ի հատուկ դեսպանորդ Անջելինա  Ջոլին հյուրընկալում են «Ընդդեմ հակամարտություններում սեռական բռնությանը» համաժողովը, որի նպատակն է աշխարհի ուշադրությունը հրավիրել այս կարևոր և հաճախ անտեսված խնդրին:

Հայաստանը՝ աշխարհի այլ 147 երկրների հետ միասին, անցյալ տարվա սեպտեմբերին Ժնևում ստորագրել է այս նախաձեռնությանը միանալու հռչակագիրը և ի դեմս Արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանի այժմ ներկայացել է միջազգային համաժողովին:

Այսօր Երևանում Բրիտանական դեսպանատունը՝ համաժողովին զուգահեռ,  իր շենքի պատի վրա ներկայացրեց  որմնանկար (Սթրիթ արթ), որը խորհրդանշում է Լոնդոնում ընթացող «Ընդդեմ հակամարտություններում սեռական բռնությանը» համաժողովի գաղափարը, մեկ անգամ ևս ազդարարելու և ներկայացնելու խնդրի լրջությունը: ՄԹ դեսպան Քեթի Լիչը բացման արարողության ժամանակ նշեց.

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանը նույնպես ջանքեր է գործադրում վերջ դնել այս չարիքին: Որպես երկիր, որն ուղարկում է իր խաղաղապահներին միջազգային առաքելությունների, շատ կարևոր է Հայաստանի դերը այս պայքարում, քանի որ խաղաղապահները չափազանց մեծ գործ են կատարում խաղաղ բնակության պաշտպանության և բռնությունների կանխարգելման առումով: Եվ բացի դա հայերը նույնպես տարբեր տեղերում՝ վերջերս ներառյալ Սիրիայում, նման բռնությունների զոհ են դարձել:

Ուստի, դեսպանատան պատին խորհրդանշական այս որմնանկարը  պատկերելով մենք փորձում ենք մեկ անգամ ևս կոչ անել մարդկանց պայքարել հակամարտություններում սեռական բռնության դեմ»:

Բրիտանական դեսպանատան նախաձեռնությանը միացավ նաև Հայաստանում  ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Ջենիֆեր Յիփ Հեուգ Վին, ով նշեց, որ Հայաստանում իրենց գրասենյակը պարբերաբար աշխատանքներ է կատարում այս ուղղությամբ, մասնավորապես սիրիահայ համայնքի հետ:

Tags: ,