Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը բարձրացրեց վերջին շրջանում երկրի սահմաններում տիրող անհանգստության հարցը, որի հետևանքով հայկական կողմը նաև զոհեր ունեցավ:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե պաշտպանության նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ այդ հարցի քննարկումն ինչ է տվել և հնարավոր չէ՞ արդյոք մեր սահմաններն այնպես կահավորել, որ հնարավորինս զերծ մնանք նման գործողություններից և խուսափենք մարդկային կորուստներից:
Սեյրան Օհանյանի խոսքով` եթե վերլուծենք այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակը և սահմանային իրադրությունը, ապա կգանք այն եզրակացության, որ սահմանին այսօր կայուն լարված իրավիճակ է, ինչը նորություն չէ մեզ համար: «Մենք և մեր հասարակությունը պետք է համակերպվի այն իրավիճակի հետ, որ մենք ունենք չլուծված հակամարտության խնդիր, ուստի մեր հակառակորդի ռազմատենչ եռանդը պետք է լուծենք հակագործողությունների և կանխարգելիչ գործողությունների միջոցով»,-նշեց նախարարը:
Նրա խոսքով` հակառակորդի գործողությունները մեզ ստուգելու դիտավորյալ բնույթ են կրում: «Հարցի լուծման համար մենք պետք է վստահության մթնոլորտ ձևավորենք, իսկ դա կայանում է նրանում, որ զերծ պետք է մնանք դիպուկահարների կրակոցներից, հրադարի ռեժիմը խախտելուց, պետք է կանխվեն դիվերսիոն հետախուզումները և ամենակարևորը` միջազգային հետաքննություն անցկացնել, որի մասին ես խոսել եմ նաև Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպման ժամանակ: Ցավոք, համանախագահները նշում են, որ այսօր պատարստ չեն միջազգային հետաքննություն իրականացնել` կապված ֆինանսական, նյութատեխնիկական, մասնագիտական ռեսուրսների ներդրումների հետ»:
Ինչ վերաբերում է վերջին օրերի ընթացքում Նախիջևանի հետ սահմանին տեղի ունեցած դեպքերին, Սեյրան Օհանյանը հավաստիացրեց, որ հայկական կողմի գործողություններն ուղղված են այն բանին, որ թույլ չտան լարվածության նոր օջախի ստեղծմանը:
Սահմանին տիրող լարվածությանն անդրադարձավ նաև «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը: Նա հետաքրքրվեց, թե նախարարը Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին բարձրացրե՞լ է արդյոք հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հարցը:
Սեյրան Օհանյանն ասաց, որ նման հանդիպումները շատ անգամ անցնում են փակ ընթացակարգով և ձեռք է բերվում պայմանավորվածություն դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առումով:
Այնուամենայնիվ, նա ասաց, որ այդ նիստի ընթացքում մի շարք կարևոր փաստաթղթեր են ընդունվել, որոնք վերաբերում են պաշտպանական ընդհանուր մեխանիզմների ձևավորմանը: «ՀԱՊԿ-ից մեր ցանկությունն այն է, որ միացյալ գործողություններ ակնկալենք նաև մեր տարածաշրջանում,-ասաց նախարարը:
Tags: Ազգային ժողով, Թևան Պողոսյան, ՀԱՊԿ, Հեղինե Բիշարյան, սեյրան օհանյան
