Քրդական հարցի լուծման գործընթացի հետ մեկտեղ բազմաթիվ քրդեր վերադառնում են իրենց գյուղեր

3Թուրքական «Radikal»-ի քուրդ լրագրող Իդրիս Էմենը վերջերս այցելել է իր ծննդավայր՝ քրդաբնակ Շըրնաք: Նա պատմում է քրդական հարցի լուծման գործընթացի հետ մեկտեղ իր հարազատ բնակավայրում տեղի ունեցած դրական փոփոխությունների և իր տպավորությունների մասին. «Իջնելով Դիրաբեքիրի օդանավակայան՝ նստեցի Շըրնաք տանող ավտոբուսը: Մոտ չորս ժամ տևող ճանապարհի ընթացքում մի արհեստավորի հետ խոսում էինք շրջանում տիրող մթնոլորտի մասին: Երբ մոտեցանք զինվորական անցակետին, ավտոբուսի ընթացքը դանդաղեց: Երբ ձեռքս տարա դեպի անձնագիրս, խաղաղ մթնոլորտից գոհ իմ ընկերը ժպտալով ինձ ասաց՝ «Կարիք չկա, այստեղ արդեն անձնագրերը չեն ստուգում»: Այս իրավիճակը ինձ զարմացրեց: Ես գիտեի, որ Դիարբեքիրից Շըրնաք տանող ավտոբուսները անվտանգության ուժերի կողմից մանրամասն խուզարկվում էին չորս տարբեր անցակետերում: Շուտով հասանք Ջուդի լեռան փեշերին գտնվող Ուչքիրազ գյուղը: Նախկինում գյուղում ապրող մարդկանց ամենամեծ երազանքը այստեղից գնալն ու նոր կյանք սկսելն էր: 90-ականներին գյուղից քաղաքներ տեղափոխված մարդիկ այսօր ճիշտ հակառակ երազանքն ունեն»:

Իդրիս Էմենը քրդական գյուղերում հույս է տեսել մարդկանց աչքերում, նկատել է իրենց հարազատ հողեր վերադարձող բազմաթիվ ընտանիքների: Միտում կա, որ Քրդական հարցի լուծման գործընթացի հետ մեկտեղ գնալով ավելի շատ մարդիկ են վերադառնալու քրդական գյուղեր:

Tags: