Եթե այս նոր կառավարությունն էլ չկատարի իր ծրագիրը, ապա հաջորդ կառավարությունն էլ զերծ կմնա գնահատականից. Ռուբեն Հակոբյան

Ռուբեն ՀակոբյանԱյսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ քառյակի պահանջներին, որոնք ներկայացվեցին 12 կետերով: Նրա համոզմունքով՝ մինչև սեպտեմբերի 30-ը դրանք ցանկության դեպքում հանգիստ կարող են իրականացվել, բայց իշխանությունը, ըստ նրա, հազիվ թե քաղաքական կամք կդրսևորի այդ պահանջները կատարելու համար, իսկ իրենք աշնանն իրենց հանրահավաքում գնահատականներ կներկայացնեն:

Ինչ վերաբերում է 2013թ-ի պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ԱԺ-ում, Ռուբեն Հակոբյանը շեշտեց, որ այդ քննարկումը ձևական բնույթ էր կրում, քանի որ կառավարությունը, որն այդ բյուջեն կատարել էր, հրաժարական է  տվել ԱԺ ոչ իշխանական ուժերի պայքարի ու պահանջների արդյունքում:

՛՛Անտերության էր մատնվել կատարողականի քննարկումը, մեծամասնությունը ներկայացնող որևէ պատգամավոր ելույթ չունեցավ ու չպաշտպանեց կատարողականը: Թերևս աբսուրդ էին այն հայտարարությունները, որ բոլոր ոլորտները գրեթե 100 տոկոսով կատարվել են, բայց կառավարությունը մոտ երկու անգամ նվազ տնտեսական աճ է արձանագրել: Սա խոսում է այն մասին, որ եթե այս նոր կառավարությունն էլ չկատարի իր ծրագիրը, ինչում ես համոզված եմ, ապա հաջորդ կառավարությունն էլ զերծ կմնա գնահատականից՛՛, – ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավարը:

Tags: