ՖԻՖԱ-ի Live your goals ծրագրի շրջանակներում Հանքավանում մեկնարկեց կանանց ֆուտբոլի միջոցառումների շարք: Live your goals-ը ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար:
Միջոցառումների շարքը Հանքավանում սկսվեց մամուլի ասուլիսով, որի ընթացքում կազմակերպիչները ներկայացրեցին ծրագրի հետ կապված մանրամասները: Բացման խոսքով հանդես եկավ ՀՖՖ մասսայական ֆուտբոլի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, ով նշեց, որ ծրագիրը շատ կարևոր է Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման համար և հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում ավելի շատ աղջիկներ կներգրավվեն ֆուտբոլում:
Ինչպես յուրաքանչյուր ծրագիր, ՖԻՖԱ-ի Live your goals-ը նույնպես ունի իր «դեսպանները»՝ երիտասարդ ֆուտբոլիստուհիներ, որոնցից երկուսը ներկա էին մամուլի ասուլիսին:
Սոֆիկ Թորոսյանը նշեց, որ ինքը շատ ուրախ է, որ մասնակցում է այս ծրագրին: «ՖԻՖԱ-ի Live your goals-ը մեզ հնարավորություն է տալիս ավելի հաճախ շփվել մեր հասակակիցների հետ ֆուտբոլային մթնլորտում: Մենք խաղում ենք ֆուտբոլ և փորձում մեր ուժերը այլ քաղաքների թիմերի հետ պայքարում: Բացի այդ ֆուտբոլը ապահովում է առողջ ապրելակերպ և ձևավորում է թիմային մտածելակերպ: Ես հուսով եմ, որ ծրագիրը կնպաստի կանանց ֆուտբոլի զարգացմանը մեր երկրում»:
Խոսքով հանդես եկավ նաև «դեսպաններից» մյուսը՝ Քրիստինե Գրիգորյանը.
«Ես միշտ կարդում եմ կանանց ֆուտբոլի մասին, նայում տարբեր խաղեր եվրոպական թիմերի մասնակցությամբ: Մենք ուզում ենք, որ մեր երկրում կանանց ֆուտբոլը նույնպես զարգանա և վստահ ենք, որ այս ծրագիրը կօգնի հասնել այդ նպատակին: Պատահական չէ, որ ծրագրի կարգախոսն է ՝ Live your goals, հասիր քո նպատակին: Ես ուզում եմ մի օր խաղալ եվրոպական մարզադաշտերից մեկում կանանց ֆուտբոլի աստղերի դեմ»:
Մամուլի ասուլիսից հետո «Երևան-Լ.Հ.», «Երևան-Գ.Մ.», «Քանաքեռ-84», «Տաթև-110» և «Քաղցրաշեն» թիմերի փոքրիկ ֆուտբոլիստուհիները կատարեցին ֆուտբոլային վարժություններ, անցկացրեցին փոքր ֆուտբոլային խաղեր և խաղացին մեծ ֆուտբոլ:
ՖԻՖԱ-ն տրամադրել էր մարզահագուստ, գնդակներ և ֆուտբոլային այլ պարագաներ:
Միջոցառումն անցավ տոնական մթնոլորտում և վստահաբար կծառայի իր նպատակին: Լive your goals ծրագրի շրջանակներում օգոստոս-հոկտեմբեր ամիսներին տեղի կունենան նաև այցելություններ մարզեր, որոնց ընթացքում ծրագրին կմասնակցեն մոտ 500 աղջիկներ:
Tags: սպորտ, ֆուտբոլ
