Իրանի արտաքին գործերի նախարարի Աֆրիկայի և արաբական երկրների հարցերով տեղակալ Հոսեին Ամիր Աբդոլլահիանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանի զինված ուժերի Իրաք մտնելու մասին տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
«Իրաքն իր ուժերով կարողանում է պայքարել ահաբեկիչների դեմ»,-շեշտել է Իրանի փոխարտգործնախարարը:
Տեղեկացնենք, որ օրերս «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» խմբավորման գրոհայինները գրավել էին Իրաքի Նայնավա նահանգը, Մոսուլ քաղաքը և առևանգել Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակցիներին:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեն Փսակին, անդրադառնալով Իրաքի կառավարական ուժերի և «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» խմբավորման միջև տեղի ունեցող մարտերին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Իրանն իրաքյան զարգացումներում կարող է կառուցողական դեր ունենալ:
Այնուհետև իրանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, որ «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» խմբավորումը մոտեցել է Իրանի սահմանին:
Մասնավորապես, այդ տեղեկատվություններում նշվում էր, որ «Ալ-Ղաիդային» մոտ կանգնած «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» կոչվող խմբավորումը, Իրաքի մի շարք քաղաքներում իրականացրած մարտական գործողություններից հետո, առաջացել է դեպի Իրաքի արևելյան շրջաններ՝ հասնելով Իրանի սահմանին:
Ուշագրավ է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալեքիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, անդրադառնալով վերջին օրերին «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողություններին, նշել էր, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը կանգնած են Իրաքի ժողովրդի կողքին:
«Թեհրանը տարածաշրջանային և միջազգային մակարդակով իր ողջ ջանքերը կգործադրի և ահաբեկիչների հովանավորներին թույլ չի տա, որ նրանք, ներթափանցելով Իրաք, խաթարեն այդ երկրի անվտանգությունն ու կայունությունը»,- հավելել է Իրանի նախագահը:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Tags: իրան, իրաք