Հայ ազգին ֆուտբոլի գնդակի պես այս ու այն կողմ են թռցնում. Սպառողների ասոցիացիայի նախագահ

Միլետա Արիստակեսյան«Պետք է ազգովի ոտքի կանգնել ու թույլ չտալ բարձրացնել էլեկտրաէներգիայի գինը, այլապես թանկացումները շարունակական լինեն», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կոչով հանդես եկավ Սպառողների ազգային ակադեմիայի իրավաբանական անձանց միության փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը` ասելով , որ չի զարմանա,  եթե շուտով  օդ համար էլ մարդիկ ստիպված լինեն վճարել

Հիշեցնենք, որ օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա՝ 3.8-4.3 դրամով: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատճառաբանում է սա այն բանով, որ «Հայկական էլեկտրացանցերը» ֆինանսական ճողվածք ունի և պարտքերն արդեն կազմում են 16 միլիարդ 600 միլիոն դրամ:

Ըստ Երևանի սպառողների շահերի պաշտպանության ասոցիացիայի փոխնախագահ Մկրտիչ Դավթյանի՝ այն պատճառաբանությունները, որ բերվում են այս նոր թանկացումների համար անհեթեթ են և արդարացված չեն: «Առաջին անգամը չէ, որ ատոմակայանի աշխատանքը կանգ է առնում: Պատճառաբանում են  ՋԷԿ-ի ֆինանսական ճեղքվածքը: Ինչպե՞ս ստացվեց, որ շահույթ բերող ձեռնարկությունը  հանկարծ սնանկ ճանաչվեց: Այսօր ամեն մի ճեղքվածքի բեռը կրում է ազգաբնակչությունը»,- նշեց  նա` ընդգծելով, որ չկա մի ոլորտ, որ չունենա էլեկտրաէներգիայի կարիք, և այդ թանկացումը Հայաստանը դատարկելու ևս մեկ քայլ է, քանի որ այս ամենից հետո բնակչության արտահոսքը երկրից ավելի  մեծ թափ է առնելու:

«Տեղական արտադրողներն առանց այդ էլ վատ վիճակում են: Ես միշտ ասել եմ, որ հիմա մեր երկրում սպառողների դեֆիցիտ կա: Այսպիսով ջուր են լցնում ներկրողների ջրաղացին: Ծանր վիճակում գտնվող տեղական արտադրողները կրկնակի ծանր վիճակում կհայտնվեն, նրանց դրդում են փակվել կամ իրենց արտադրանքի գինը բարձրացնել», – իր հերթին ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը: Նա նշեց , որ իր համար մինչև այժմ առեղծված է , թե ինչպես են հայաստանցի սպառողերը ամեն ամիս 60 հազարից ավելի վճարումներ կատարում` ատանալով 45 հազար նվազագույն աշխատավարձ կամ նույնքան թոշակ. «Ստացվում է, որ հայ ազգին ֆուտբոլի գնդակի պես այս ու այն կողմ են թռցնում», – ասաց նա:

 

 Անկախ

 

 

 

 

 

 

Tags: ,