Ուկրաինայի ներկա վիճակը թավալ-գլոր անելով տարածվելու է ամեն տեղ

Ռաիսա Ղարագյոզյան«Այսօր Ուկրաինայում մեծ սուգ է: 49 զոհ, 49 ջահել տղամարդ, 49 հիանալիորեն պատրաստված մարտիկ, որ այնպես չի հերիքում ուկրաինական փաստորեն նորաստեղծ բանակին: Այնքա՜ն երեխաներ մնացին անհայր, ջահել կանայք այրիացան, մայրեր խելագարվեցին որդիների հանկարծական կորստից» - “Անկախի” հետ զրույցում ասել է ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի կինը` ծնունդով գորիսեցի Ուկրաինայում բնակվող գրող և հրապարակախոս Ռաիսա Ղարագյոզյանը:

 

Նրա խոսքով, թվում է պատերազմը երբեք չի վերջանալու, որովհետև իբր պատերազմ էլ չկա, պատերազմի պաշտոնական հայտարարություն չկա, ուրեմն ոչ ոք ոչնչի համար պատասխանատու չէ: Ինքնաթիռն ուկրաինական է, Լուգանսկը ուկրաինական տարածք է, կռվողները Դոնբասի ապստամբներն են, իսկ ուկրաինական կառավարությունը ապստամբների դեմ հակաահաբեկչական զինված գործողություններ է կիրառում: Վ. Պուտինը Պիղատոս է՝ ոչ մի ինքնաթիռ չի խփում, ոչ մի տանկ չի մտցնում Ուկրաինա, ոչ ոքի չի զինում, չի ֆինանսավորում, ոչ մի հանցավոր հրաման չի տալիս, այլ միայն փափուկ, շատ գեղեցիկ տեմբրով ու դեմքին հմայիչ-ամոթխած ժպիտ խաղացնելով` հարցազրույց է տալիս եվրոպական և ոչ եվրոպական ԶԼՄ-ի թղթակիցներին, հիմարացնում ամենքին և շարունակում իր բնությանը շատ հարազատ ճիզվիտական հիբրիդային պատերազմը: Առայժմ Ուկրաինայի դեմ, Դոնբասում: Ռուսաստանն ու իր ճիզվիտ ղեկավարն իրերի դրությունն այսպես են ներկայացնում աշխարհին:

 

«Հարց է ծագում, բա Դոնբասի այդ «խեղճուկրակ ապստամբները» ո՞րտեղից են այդքան զենք ու զինամթերք, տանկեր, զենիթային հրանոթներ ձեռք բերում, այդ այսպես կոչված ապստամբները ե՞րբ հասցրին ինքնաթիռներ խփելու մեջ նման փայլուն հմտություն ձեռք բերել: Իբր՝ « դե, մենք՝ ռուսներս, բանից անտեղյակ չենք, դուք եք՝ ձեր խնդիրները, ոնց ուզում եք՝ գլուխ հանեք»: Այդ երիցս անիծված երկիրն իր ճիվաղային համակարգով անհեթեթության է վերածել ամբողջ աշխարհը, սևը սպիտակի տեղ է մատուցում, ստին ճիշտ ասում, իսկ ճշմարտութունը կեղծություն ներկայացնում, այնինչ անբարոյականությունը խրախուսում, ավազակին հերոսի կոչում տալիս, հերոսին խայտառակության սյունին գամում, չարը բարի է ներկայացնում, բարին՝ չար», – հավելել է տիկին Ղարագյոզյանը: Այնուհետև շարունակել է, թե աշխարհն ինչ անի՝ շիվարած թե շիվարած ձևանալով սպասում է, սպառնում, սպասում ու սպառնում, որ… Ճիվաղի ականջը կձգի: Չգիտակցելով, որ Ուկրաինային վիճակվել է քավել այս անկատար աշխարհի մեղքը, որովհետև Ուկրաինայում իսկական համաշխարհային հիբրիդային պատերազմի սկիզբն է դրվել, որը անշտապ-անշտապ թավալ-գլոր անելով տարածվելու է ամեն տեղ՝ Եվրոպայում, Կովկասում, ամենուր, որքան թույլ տանք ամենքս՝ Պուտինի ձեռքը սեղմող և Ռուսաստանի պետական տոնը կեղծավորաբար շնորհավորող նախագահ Պորոշենկոն, ռուսի հետ առևտուր անել սիրող գերմանացիներն ու շրթներին խաղաղարարի շինծու ժպիտ սարքած ֆրանսիացի Օլանդը, տակից Ռուսաստանին ծածուկ ռազմական նավեր վաճառելով ու փաստորեն զինելով նրան, Մաքսային միությանը միանալու պատրաստակամ Սերժ Սարգսյանը, Միկոյանի արձան դնող ու Սասուցի Դավթի արձան քանդող երևանյան ավագանին ու դրան խրախուսող ու իրենք իրենց տակը փորող հայ ռուսամետ զոմբիները:
«Ժամանակն է վերջապես արթնանալ լեթարգիական քնից, առավոտյան անհոգ, ծուլորեն ծխախոտ փստացնելով սուրճ խմելուց և գիտակցել, որ համաշխարհային հիբրիդային պատերազմը, որը կարող է շատ անսպասելիորեն լայնամասշտաբայինի վերածվել, արդեն ծմլկտում է մեր շեմինՈւ մտածել, թե ինչ անել, ոնց չարի առաջն առնել, ոնց կանգնեցնել, չեզոքացնել Պուտինին, որ հետո ուշ չլինի», – եզրափակել է հրապարակախոսը:

Անկախ

Tags: