Այսօր Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում հերթական անգամ կհանդիպեն Իրանի և «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) ներկայացուցիչները: Կողմերը պլանավորել են Իրանի միջուկային հարցի շուրջ համապարփակ համաձայնագիր կնքել մինչև հուլիսի 20-ը:
Ավելի վաղ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Իրանը «Վեցնյակի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ուրանի հարստացումը շարունակելու մասին, միաժամանակ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կհանվեն ցանկացած համաձայնության դեպքում:
«Իրանն ամեն հնարավոր բան կանի, որպեսզի համաձայնություն ձեռք բերվի»,- հավելել էր նախագահը:
Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերի 24-ին Ժնևում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները հանելու դիմաց իրանական միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչն երաշխավորող բազմակողմանի համաձայնագիրը պետք է մշակված լինի միչև հուլիսի 20-ը:
Իր հերթին Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը վստահություն էր հայտնել, որ միջուկային հարցի շուրջը Իրանը և «Վեցնյակը» կարող են մինչև հուլիսի 20-ը համաձայնության հասնել:
«Իրանի և «Վեցյակի» միջև միջուկային հարցի շուրջը բանակցությունները հասել են վճռորոշ փուլի: Ես բոլոր հիմքերն ունեմ վստահ լինելու, որ հաջորդ ամիս մենք կհասնենք համապարփակ համաձայնագրի կնքման, որը աշխարհին կվստահեցնի, որ Իրանի միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ բնույթ»,- ասել էր Զարիֆը:
Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել էր, որ տասը տարի առաջ այդ հարցով բանակցությունները տապալվել էին Բուշի վարչակազմի կողմից գործադրվող ճնշումների պատճառով:
Ուշագրավ է, որ Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցային նախորդ փուլն անցկացվել էր մայիսին և ավարտվել էր անարդյունք: Այն ժամանակ կողմերը միմյանց մեղադրել էին անիրատեսական պահանջներ առաջ քաշելու մեջ:
Tags: իրան, վեցնյակ
