2014թ հունիսի 15-ին, կյանքի 77 տարեկանում մահացել է գյուղատնտեսական գիտությունների դոկտոր , գրող , լրագրող, հրապարակախոս Մեդորա Սրապիոնի Խաչատրյանը :
Մեդորա Խաչատրյանը ծնվել է 1937-ին Իջևանում, ուսուցչի ընտանիքում : 1954-ին ավարտել է հայրենի քաղաքի N1 դպրոցը, 1959թ՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը :
1965-ին ավարտելով ասպիրանտուրան և պաշտպանելով թեկնածուական թեզ, ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան :
1991թ Մեդորա Խաչատրյանը՝ խոշոր եղջերավոր կենդանիների կոնստիտուցիայի մանրադիտակային երկարամյա ուսումնասիրությունների ծավալում նյութի հիման վրա պաշտպանել է դոկտորական թեզ և բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի հաստատմամբ ստացել է գյուղատնտեսական գիտությունների դոկտորի աստիճան : Իր բնագավառում որպես կին՝ գիտությունների դոկտորի աստիճանով, հանրապետությունում նա միակն է : Ավելի քան 50 գիտական աշխատանքներն ու մի շարք գյուտերը հանդիսանում են նրա կենսագրության ավելի քան երեսուն տարիների քրտնաջան ու նվիրված աշխատանքի արդյունքը :
Մեդորա Խաչատրյանը գիտական աշխատանքներին սիրով զուգակցել է գրական ստեղծագործությունը՝ գրելով բանաստեղծություններ, պատմվածքներ, հուշեր : Տպագրվել է «Հայ գրող», «Գրական թերթ», «Ավետաբեր», «Շիրակուհի» լրագրերում: Դեռ դպրոցական տարիներից թղթակցել է «Ավանգարդ», «Պիոներ», «Պիոներ կանչ», «Երեկոյան Երևան», «Հայաստանի Հանրապետություն», «Իրավունք», «Ազգ», «Առավոտ» պարբերականներին : Հայրենիք, հայրենի բնաշխարհ, խոհ, սեր. Ահա նրա նախասիրությունների ոչ լրիվ շրջանակը :
Tags: մահ