Բաքվի Կարմիր խաչն այցելել է Հակոբ Ինջիղուլյանին

ասուլիս1«Բաքվի Կարմիր խաչն այցելել է հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին։ Ըստ կազմակերպության տվյալների՝ նա լավ է, նրա առողջական վիճակը ևս լավ է:  Դեռ չենք կարողանում կոնկրետացնել նրա գործը: Հասկանալի է, թե ում հետ գործ ունենք », – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հ/կ նախագահ, անհայտ կորած ազատամարտիկի մայր Ռիմա Առաքելյանը։

Հունիսի 29-ին  Հայաստանում նշվում է անհայտ կորած ազատամարտիկի օրը: Դրան ընդառաջ հունիսի 13-ին տեղի ունեցավ «Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր Սեյրան Օհանյանը։

Տիկին Առաքելյանը նշեց, որ իրենց կառույցը ամեն ինչ անում հայ ռազմագերիներին և պատանդներին  վերադարձնելու ուղղությամբ. «Ամենակարևորն այն է, որ մեր պետությունը տղաներին գտնելու ուղղությամբ աշխատանքներ տանում է: Պաշտպանության նախարար Սեյրանը Օհանյանը միշտ աջակցում է մեզ։ Ի տարբերություն մեզ, Ադրբեջանում այսքան նշանակություն չեն տալիս անհայտ կորածին»։

Անհայտ կորած ազատամարտիկի մայրն ասաց, որ իրենք բազմիցս դիմել են Բաքվում գործող անհայտ կորածների հանձնաժողովին`  հանդիպելու առաջարկով, սակայն միշտ քար լռություն է եղել նրանց կողմից։ Նա նշեց, որ դժվար է համագործակցել մի պետության հետ, որի վրա չեն կարողանում ազդել անգամ միջազգային կառույցները, Եվրամիությունը, Կարմիր խաչը։

Ամեն դեպքում հայ ռազմագերիների հարազատները նշում են, որ երբեք հույսները չեն կորցնում և գիտեն՝  նրանք մի օր անպայման վերադառնալու են:

«Իմ որդին՝ Վրեժը, 16 տարեկան հասակում կամավոր մեկնել էր Շահումյանը  ադրբեջանցիներից ազատագրելու համար: 1992-ին նա անդամագրվել է «Արաբո» ջոկատին։ Արդեն 22 տարի է նրանից լուր չունեմ։ Բայց հույս ունեմ, որ մի օր նա և մնացած գերիները կվերադառնան», – ասաց  անհայտ կորած ազատամարտիկի մայր Սամարա Գրիգորյանը։

Tags: , , ,