Բացվեց «ՀԿԵ» ՓԲԸ ամառային ուղևորափոխադրումների սեզոնը

ՀԿԵ ՓԲԸՀունիսի 15-ին բացվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ամառային ուղևորափոխադրումների սեզոնը և Երևան կայարանից մեկնել է Երևան-Բաթում-Երևան առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը:

Այս տարվա առաջին գնացքով Վրաստանի առողջարաններ մեկնել է 97 ուղևոր:

Ինչպես նշեց «ՀԿԵ» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը, սեզոնի բացումից առաջ տեխնիկական սպասարկում անցել են ֆիրմային գնացքի բոլոր վագոնները: 2014 թվականի նորամուծություններից Տնօրինության պետը նշեց բարձր հարմարավետությամբ կուպեների ուղևորներին Wi-Fi կապի տրամադրումը:

Իսկ հուլիսի 1-ից ննջավագոնների ուղևորներին բացի անվճար Wi-Fi կապից, որն այս կարգի ուղևորների համար գործում է 2013 թվականից,  կտրամադրվեն նաև բջջային sim-քարտեր:

Գագիկ Մովսեսյանը ընդգծեց, որ գնացքը չի զիջում ավտոտրանսպորտին, իսկ ուղևորության համար ստեղծված հարմարավետ պայմանները գնացքի մրցակցային առավելություն են հանդիսանում:

2009-2014 թթ. գնացքի չվերթի տևողությունը կրճատվել է 6 ժամով՝ 21,5 ժամից 2009 թվականին մինչև 15 ժամ 40 րոպե 2014 թվականին:

Անցած տարի գնացքի ուղևորների թիվը գերազանցել էր 46,7 հազարը (2009 թվականին՝ 16 263 ուղևոր):

«ՀԿԵ» ՓԲԸ աստիճանաբար բարձրացնում է ուղևորներին մատուցվող ծառայությունների որակը և գնացքներում հարմարավետության մակարդակը: 2009-2011 թթ. Վորոնեժի վագոնավերանորոգման դեպոյում կապիտալ վերանորոգում են անցել «Արմենիա» միջազգային գնացքի 27 վագոն, իսկ ևս 28 վագոն վերանորոգվեց Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյում 2012 թվականին:

2014 թվականի ապրիլին ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի տնօրինությունը ՀԿԵ Երևան-Բաթումի գնացքին շնորհեց «ֆիրմային» կարգը և «Արմենիա» անվանումը:

 

Tags: , ,