Բատիկայի դասընթաց՝ Վայոց ձորում

3Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնն անցկացնում է բատիկայի դասընթացներ անապահով երիտասարդների համար։

Ինչպես տեղեկացնում են հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այս ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին ստանալու լրացուցիչ մասնագիտություն, սովորելու նոր արհեստ: Բացի այդ, կան շատ շնորհալի երիտասարդներ, ովքեր սոցիալապես անապահով են և հնարավորություն չունեն մասնակցելու այս կամ այն դասընթացի` ֆինանսական խնդիրների պատճառով: Ծրագիրը նպատակ ունի օգնել հատկապես անապահով ընտանիքների երիտասարդներին՝ ստանալու նոր մասնագիտություն, որը պահանջարկ կունենա ոչ միայն տվյալ մարզում, այլև ցանկացած քաղաքում:

Բատիկայի դասընթացներն անցկացվում են ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը՝ անվճար հիմունքներով։ Դասընթացներն իրականացվում են շաբաթական երկու օր պարբերականությամբ, յուրաքանչյուրը` 2 ժամ տևողությամբ: Մասնակիցները ծանոթանում են բատիկայի տեսակներին, գործիքներին և տեխնիկային: Ծրագիրն ունի ինչպես տեսական, այնպես էլ գործնական մաս:

Դասընթացի ավարտից հետո կկազմակերպվի երիտասարդների աշխատանքների ցուցահանդես: