“Քառյակի պահանջները, մասնավորապես 12 կետերն արդեն ծամծմված թեմաներ են, որոնցից ժողովուրդն հոգնել է: Քառյակը կարող էր արմատական փոփոխությունների պահանջ ներկայացնել, սակայն նա դա չի անում: Այն խուսափում է դիմել ժողովրդին, համագործակցել նրա հետ, Քառյակը պետք է գիտակցի, որ առանց հասարակության պահանջի այս երկրում ոչինչ չի փոխվի”, – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նա ընդգծեց, որ, եթե Հայաստանում որևէ կուսակցություն որոշի Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ իրականացնել, ապա ժողովրդի զգալի մասը կկանգնի հենց այդ ուժի կողքին և հաղթանակը կլինի նրանը:
Քաղաքագետը նշեց` Քառյակը, որն իրեն կնքել է “ոչ իշխանական ուժ”, մանիպուլյացիա է անում. “Ո՛չ քառյակն է փոխվում, ո՛չ էլ իշխանության որակը. այն կուսակցությունները, որոնք խորհրդարանում են, իշխանություն են: Սա ընդամենը քաղաքական մանիպուլյացիա է և ունի որոշակի նպատակ: Նրանք այդ “ոչ իշխանական”անվամբ ապահովագրում են իրենց. եթե Հայաստանում ոչ մի փոփոխություն չլինի, նրանք դրա համար պատասխանատվություն չեն կրի”:
Ըստ Շիրինյանի` քառյակից չափավոր կեցվածք ունեցող քաղաքական ուժը “Բարգավաճ Հայաստանն” է. Այն իրեն այլընտրանք է անվանել, սակայն նույն ընդդիմությունն է. “Եթե “Բարգավաճ Հայաստանը” ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության մոդելը որդեգրի, ապա կարող է հասնել Հայաստանում արդյունավետ փոփոխությունների: Եթե այդ կուսակցությունը դիմի Հայաստանի միջին խավին և հստակ աշխատի մեր երկրի արդյունաբերության և գիտության վերականգման ուղղությամբ, ապա հստակ հաջողություններ կգրանցի, կբացվի նախագահական ընտրությունների ճանապարհ, որի արդյունքում հաղթանակ կգրանցի”:
Շիրինյանի կարծիքով` Հայաստանում փոփոխություններ կատարելու և ճգնաժամից դուրս գալու լավագույն ճանապարհը ներգաղթը խրախուսելն է. “Առաջարկում եմ Սփյուռքի նախարարութունը անվանափոխել և դարձնել Ներգաղթի նախարարություն”,- ասաց նա` նշելով, որ անհնարին ոչինչ չկա “Այդ քայլը կնպաստի ներգաղթի աճին. Թայվանում 30-40 հազար քառ. կմ տարածքում ապրում է ավելի քան 20 մլն մարդ: Հայաստանում էլ է դա հնարավոր”:
Tags: Լևոն Շիրինյան, Քառյակ
