Վրաստանի ՏԻՄ ընտրություններում Ախալքալաքում և Նինոծմինդայում ազգությամբ հայեր են հաղթել

Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով եզրափակվեցին  Վրաստանի ընտրությունները, որով իշխանությունները վերջապես  ավարտին հասցրին իշխանափոխությունը Վրաստանում, քանի որ այս ընտրությունների արդյունքում Վրաստանի շրջանների մեծ մասում հաղթել են “Վրացական երազանք” կոալիցիայի ներկայացուցիչները”-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

Ջոնի Մելիքյան

Այս ընտրությունների միակ խնդիրն, ըստ փորձագետի, ընտրողների մասնակցության ցածր մակարդակն է.  նախորդ ընտրությունների հետ համեմատելով` փորձագետը նշեց, որ այս տարի Վրաստանի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 43%-ը, երբ 4 տարի առաջ` 2010 թ-ին մասնակցությունը 49%-էր կազմում: Ջոնի Մելիքյանը ընտրությունների ժամանակ եղել է Թիֆլիսում` ականատես լինելով ընտրությունների ողջ ընթացքին: Փորձագետը նշեց, որ այս ընտրություններն առանձնահատուկ էին նրանով, որ բացի Թիֆլիսից մյուս քաղաքներում ևս ուղղակի ընտրություններով քաղաքապետեր պիտի ընտրվեին: Տվյալների համաձայն` քաղաքներից 4-ում քաղաքապետերն արդեն ընտրվել են, իսկ 8 քաղաքներում 50% շեմը չհաղթահարելու պատճառով նախատեսվում է ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել:

“Մեծամասնական ընտրակարգով առաջին տեղում է “Վրացական երազանք” կոալիցիան, երկրորդ տեղում է “Միացյալ Ազգային շարժումը”, երրորդը`  “Բուրջանաձե միասնական ընդդիմություն” կոալիցիան, իսկ չորրորդը` “Պատրիոտների դաշինքը”,-ամփոփելով ընտրությունների արդյունքները` նշեց Ջոնի Մելիքյանը:

Փորձագետը տեղեկացրեց, որ Ջավախքում, ավելի կոնկրետ` Նինոծմինդայում ու Ախալքալաքում, իշխող “Վրացական երազանք” կոալիցիան առաջադրել էր հայազգի քաղաքական գործիչների, իսկ ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանում “Վրացական երազանքը” առաջադրել էր ազգությամբ վրացի գործչի, իսկ ընդդիմություն հանդիսացող “Միացյալ ազգային շարժումը”` ադրբեջանցու, ինչն էլ նախընտրական շրջանում բախումների բերեց:

Ըստ նախնական տվյալների` Ջավախքում` Նինոծմինդայում ու Ախալքալաքում, հաղթել են ազգությամբ հայեր, Նինոցմինդայում` Գագիկ Ղարսլյանը “Վրացական երազանք” կուսակցությունից` 80%-ով, իսկ Ախալքալաքում` Էդուարդ Աղայանը` “Վրացական երազանք” կուսակցությունից `60.55 %-ով, ինչը ցույց է տալիս, որ վրացահայերը ինչ-որ չափով ներկայացված կլինեն և այս օղակի ընտրություններում կփորձեն որոշ բարեփոխումների, զարգացումների հարցեր բարձրացնել:

Tags: , ,