Rose Roth-ը Բաքվում, օր 2. Սկանդալներն ու ադրբեջանցիների հիստերիան շարունակվում են. PanARMENIAN.net

բաքուԵրկրորդ օրն է, ինչ Ադրբեջանում ընթանում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Rose Roth 86-րդ սեմինարը «Հարավային Կովկաս. մարտահրավերներ ու հնարավորություններ» թեմայով: Մասնավորապես, Ադրբեջանի ներկայացուցիչները սպառնացել են «պատժել» հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանի հորը, վիրավորանքներ են հնչել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին, իսկ Հայաստանն անվանել են «ահաբեկչական պետություն»:
PanARMENIAN.net-ը գրում է, որ հայ պատվիրակներն իրենց հերթին հիշեցրել են սումգայիթյան ջարդերի մասին, բացահայտ մեղադրել են Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտությունը սկսելու ու ռազմականացնելու մեջ:
Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը մեղադրել է Ադրբեջանին 1988 թ. Սումգայիթում հայ բնակչության ջարդեր կազմակերպելու մեջ: ՆԱՏՕ ԽՎ-ում ազերիների ղեկավար Զիյաֆետ Ասկերովն էլ հանկարծ հայտարարել է, թե Ադրբեջանի զինդատախազությունը հետաքննում է ինչ-որ «արյունալի հանցագործություն» ադրբեջանցիների դեմ, որն, իբր գործել է Թևան Պողոսյանի հայրը Ղարաբաղում:
«Շատ շուտով Ինտերպոլը կգտնի քո մարդասպան հորն ու բերման կենթարկի և նա կստանա իր պատիժը: Շատ շուտով դու դա կտեսնես»,- ասել է Ասկերովը:
Սումգայիթյան ջարդերի մասին Ասկերովն ասել է, թե այդ «իրադարձությունները հրահրել էր խորհրդային ՊԱԿ-ը» և «ձեր Գրիգորյանը»:
Թևան Պողոսյանի հայրը՝ Ժիրայր Պողոսյանը 1998 – 1999 թթ. ԼՂՀ վարչապետն է եղել, իսկ 1992 թ-ին` ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնակատարը:
Ինչպես նշում է ԱՊԱ-ն, ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը բացահայտ մեղադրեց Ադրբեջանին: Նա հայտարարեց, որ վերջին 7 տարում Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է 20 անգամ՝ նշելով, որ դա իրական սպառնալիք է տարածաշրջանում: Նա պահանջեց ՆԱՏՕ ԽՎ-ից կոշտ արձագանք այդ կապակցությամբ:
Նրանից հետո խոսք վերցրեց Թևան Պողոսյանն ու մեղադրեց Ադրբեջանին՝ նշելով, որ հենց Բաքուն է հրահրել ղարաբաղյան հակամարտությունը: Նա հիշեցրել է, որ ԽՍՀՄ փլուզման շեմին Ադրբեջանում մնում էր մեծ քանակով զենք ու զինամթերք և պաշտոնական Բաքուն օգտվեց դրանից:
Հայ պատվիրակներին պատասխանել է ՆԱՏՕ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Զիյաֆետ Ասկերովը: Նա հայտարարել է, թե Հայաստանի պատվիրակությունը «սադրանքներով է զբաղված Բաքվում» և փորձում է «վատաբանել Ադրբեջանին ՆԱՏՕ ԽՎ աչքում»: Ասկերովը դիմել է ՆԱՏՕ ԽՎ ներկայացուցիչներին, հարցնելով, թե արդյո՞ք մի երկիր, որի «տարածքի 20 տոկոսն օկուպացված է, չպետք է ավելացնի իր ռազմական բյուջեն»:
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե հայերն, իբր, «մոտ 30 ահաբեկչական գործողություն» են կազմակերպել Ադրբեջանում և «Խոջալուում ցեղասպանություն են» գործել: Նա նաև ինչ-որ ցուցակ է վկայակոչել՝ իբր Ինտերպոլի կողմից «որոնվող հայ զինվորականների մասին»:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում.

Tags: , , , ,