Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Աջափնյակի շախմատի դպրոց

001Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որԵրևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի հետ միասին Աջափնյակի շախմատի դպրոցում ներկա է գտնվել շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված մրցաշարի բացմանը: Շախմատային ընկերական հանդիպման մասնակիցները Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների շախմատի դպրոցների սաներն էին: Շնորհավորելով մասնակիցներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այսօրվա փոքրիկ շախմատիստները շարունակելու են բարձր պահել հայկական շախմատի միջազգային համբավը: Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ, մայրաքաղաքում այս մարզաձևի զարգացմանն օժանդակելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի շախմատի ակադեմիայի համագործակցության շնորհիվ շախմատի դպրոցներ կհիմնվեն Երևանի բոլոր վարչական շրջաններում: «Մենք՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ միասին, նախաձեռնեցինք այս ծրագրի իրականացումը, որն առաջին իսկ օրից լայն արձագանք գտավ և մեծ ոգևորությամբ ընդունվեց երևանցիների կողմից: Մենք շարունակելու ենք այս ծրագրի իրականացումը, որպեսզի ապահովենք շախմատի զարգացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Եվ ընդհանրապես, մենք մշտապես նախաձեռնելու և ողջունելու ենք բոլոր այն մրցաշարերը, որոնք կնպաստեն շախմատի զարգացմանը», – նշել է Երևանի քաղաքապետը:

Կազմակերպիչների խնդրանքով՝ մրցաշարի մեկնարկը տրվել է շախմատային տախտակի վրա քաղաքապետ Տարոն Մարգարյանի կատարած խորհրդանշական առաջին քայլով:

Այնուհետ, քաղաքապետը շփվել է նաև փոքրիկ շախմատիստների ծնողների հետ, ովքեր, օգտվելով առիթից, շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ շախմատի զարգացման նկատմամբ  ցուցաբերած ուշադրության համար՝ առանձնակի կարևորելով հատկապես շախմատի դպրոցների անվճար գործելու հանգամանքը:

Մայրաքաղաքում գործող շախմատի դպրոցներն ամբողջությամբ կահավորված են համապատասխան գույքով ու անհրաժեշտ այլ պարագաներով, ուսումնական գործընթացի համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Պատասխանատուներն իրենց հերթին նկատել են, որ շախմատի դպրոցների ստեղծումով մայրաքաղաքում զգալիորեն ավելացել է շախմատասեր մանուկների և պատանիների թիվը:

Անկախ

Tags: ,