Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսեն Խոջոյանի առողջությունը շարունակում է մտահոգել նրա ծնողներին: ՙՙՀրազդանի՚՚ բժշկական կենտրոնում վերջին բուժզննությունից հետո Արսենը բժշկի հսկողության տակ է և ընդունում է անհրաժեշտ դեղորայքը, որը նրան նշանակվել է: Սակայն երեկ Արսեն Խոջոյանի մայրը` Սվետլանա Խոջոյանը Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ադրբեջանական գերությունից վերադարձած որդու առողջական վիճակը շարունակում է մնալ ոչ բավարար: «Դե որ ասեմ, լավ ա, սուտ կասեմ: Արսենը բողոքներ ունի»: Արսեն Խոջոյանն այժմ Սևանում է, զբաղվում է անասնապահությամբ, որ գումար աշխատի, ընտանիքը սոցիալական ծանր վիճակից դուրս բերելու համար: ՙՙԱնընդհատ ինձ հարցում են, եթե առողջական խնդիրներ ունի, ինչի տանը չի: Դե ես էլ կուզեմ, էրեխին կողքս պահին, ձեռիս մեջ պահեմ, որ լավ լինի, բայց սոցիալապես ծանր վիճակում ենք, գնացել ա մի երկու կոպեկ առնի: Էն օրն էլ Բերդի ուսումնարանից են զանգել, ասում են` Արսենը թող գա քննությունները հանձնի: Մինչև գերի ընկնելը կարուձևի էր գնում՚՚,-ասաց տիկին Սվետան: Նշենք, որ Անկախն ավելի վաղ անդրադարձել էր Խոջոյանների ծայրահեղ ծանր վիճակին` նշելով նաև, որ Արսենը առողջական խնդիրներով երկու քույր և մեկ եղբայր ունի: Նրա մայրը նշել է, որ միջնորդությամբ մինչև հունիսի 20-ը Բերդի վարկային կազմակերպությունից, որին 700 հազար դրամ են պարտք, ժամանակ էին խնդրել, որ մարեն գումարը, սակայն այսօր հունիսի 18-ն է և որևէ օգնություն չի եղել: «Գոնե էդ հարցում օգնեին, որ կարողանամ երկու անչափահաս աղջիկ երեխաներիս տանեմ Երևան` հերթական բուժզննության: Երևանից բժիշկներն անընդհատ զանգում են ու ասում, որ տիկին Սվետա երեխաների բուժզննության օրերն են, բերեք երեխաներին, բայց անգամ տաքսիի փող չունեմ»: Սվետլանա Խոջոյանը նաև հայտնեց, որ իր համար անակնկալ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն է զանգահարել և իրեն առաջարկել օգնություն: Նորանշանակ մարզպետը Խոջոյանների ընտանիքին է փոխանցել 400 հազար դրամ, որը տիկին Սվետան վճարել է հիվանդ երեխաների դեղերի և մի մասն էլ մարել վարկը: Սակայն այս ընտանիքն այժմ էլ ծանր վիճակում է, ակնկալում է բարեգութ մարդկանց աջակցությունը` այս փուլում ընտանիքը հանելու ծանր վիճակից:
