Հակոբ Հակոբյանը պետական աշխատողների համար սահմանված պարտադիր բաղադրիչը բացարձակապես հակասահմանադրական չի համարում

Hakob-HakobyanՉնայած որ խորհրդարանական արտահերթ նիստը սկսվել է՝ Ազգային ժողովի պատգամավորները դեռևս ձեռքի տակ չունեն նիստի օրակարգի ամենակարևոր նախագծերից մեկը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը: Ուստի, ոչ իշխանական շատ պատգամավորներ հրաժարվեցին նաև կարծիք հայտնել փաթեթի բովանդակության վերաբերյալ:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատմայնը մեզ հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց՝ նշելով, որ մինչև հիմա փաթեթը չեն ստացել: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ քանի դեռ այս պահին իրենց ձեռք տակ չկա այդ նախագիծը, դիրքորոշում էլ հայտնել չեն կարող. «Իսկ ունեցած տեղեկություններով ես լուրջ չեմ համարում եզրակացության գալ: Չկա նախագիծ՝ չկա դիրքորոշում, կլինի նախագիծ, կունենանք դիրքորոշում»,-ասաց Զոհրաբյանը:

Հարցին, թե ինչու մինչ այժմ պատգամավորները հնարավորություն չունեն տեսնելու նախագիծը, ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հակոբ Հակոբյանը ասաց. «Առավոտվա վիճակով չկար, արդեն կա»:

Իսկ արդյոք եղած փոփոխությունները կբավարարե՞ն ոչ իշխանական գործընկերներին, Հակոբյանն ասաց, որ դա նրանց համար չէ արված, որպեսզի բավարարեն կամ ոչ: «Օրենքի փոփոխությունը պայմանավորված է զուտ Սահմանադրական դատարանի վճռով»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է պետական  ոլորտի աշխատողների համար սահմանված պարտադիր բաղադրիչին, որը շատերի կարծիքով հակասահմանադրական է, Հակոբյանն ասաց. «Դա բացարձակապես չի հակասում Սահմանադրությանը: Ցանկացած պետություն՝ որպես գործատու, իրավունք ունի իր աշխատողների հետ ունենալու որոշակի հարաբերություններ: Աշխարհի համարյա բոլոր պետություններն ունեն այդ սկզբունքը: Այս կամ այն ճանապարհով յուրաքանչյուր պետություն կարողանում է օգտագործել սոցիալական ապահովության համակարգը, որպեսզի իր մոտ կարողանա երկար պահել աշխատողներին կամ կարողանա ընտրել որակյալ աշխատողներ»:

Մեր դիտարկմանը, որ տեսակետներ կան, թե պետական ոլորտի շատ աշխատողներ այս փոփոխությունից հետո դուրս կգան պետական համակարգից, Հակոբյանն ասաց. «Իհարկե կլինեն մարդիկ, որոնք կուզենան դուրս գալ: Բայց կլինեն նաև մարդիկ, որոնք որ կմտնեն: Բնական է»:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում նախատեսվում է քննարկել և քվեարկության դնել «Կուտակային կենսաթոշակների մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը:

Միևնույն ժամանակ ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում «Դեմ եմ» նախաձեռնության անդամները՝  կուտակայիվճարները «նպատակային սոցիալական վճար» դարձնելու ՀՀ կառավարության նախագծի դեմ:

 

Անկախ

Tags: , ,