«Հուշակոթողները չպետք է վարձով տրամադրեն ինչ որ մասնավոր մարդկանց». ՀՀԿ պատգամավորը զայրացած է

GarniԽորհրդարանում այսօր հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը բարձրացրեց վերջին օրերին մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող խիստ հրատապ մի հարց՝ պատմամշակութային հուշարձանների շրջակայքում իրականացվող մասնավոր բանկետ-խնջույքների վերաբերյալ: Պատգամավորը մասնավորապես անդրադարձավ Գառնու հեթանոսական տաճարի մոտ տեղի ունեցած խնջույքին՝ պատմելով, որ ինքը նույնպես հյուրերի հետ այցելել է Գառնու տաճար, սակայն իրենք ներս չեն թողել՝ ասելով, որ տաճարի մուտքը փակ է: Պատգամավորի հարցին, թե ինչու է փակ, պատասխանել են, որ պաշտոնական պատվիրակություն է ժամանալեու: «Բնականաբար, ես ճշտում եմ, որ որևէ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություն Գառնիի հեթանոսական տաճար այս պահին չի այցելելու,-ասում է Սամվել Ֆարմանյանը,- իսկ դրսում սպասում էին մեծ թվով զբոսաշրջիկներ՝ այդ թվում նաև Նորվեգիայից ժամանած հյուրեր, հայտնի կինոռեժիսոր Միկա Բաբայանն իր հյուրերի հետ միասին և այլն»:

Պատգամավորը կապ է հաստատել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ, և նրա միջամտությունից հետո հարցը կարգավորվել է. «Մեզ թողեցին մուտք գործել՝ որպես բացառություն»,-նշում է պատգամավորը:

Համարելով հարցը շատ կարևոր և ի նկատի ունենալով նաև, որ մամուլում այլ մշակութային կոթողների վերաբերյալ նույնպես նմանատիպ հրապարակումներ են շրջանառվում՝ Ֆարմանյանը ԱԺ նախագահին խնդրեց, որպեսզի վերջինս դիմի համապատասխան պետական մարմիններին՝ նրանց բացատրելու հետևյալը. «Եթե անգամ մեր պետական միջոցներն այնքան սուղ են, որ խնդիր ունենք պետական հոգածության տակ գտնվող պատմամշակութային հուշակոթողների հարցերը կարգավորել, ապա դա երբեք չի նշանակում, որ այդ հուշակոթողները պետք է վարձով տրամադրեն ինչ որ մասնավոր մարդկանց, որոնք, վստահաբար, Գառնու հուշակոթողի մասին երեք նախադասություն էլ չեն կարող ասել»,-ասաց Սամվել Ֆարմանյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն առաջարկեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին ներկայացնել հարցը, որպեսզի այն առավել հնչեղ դառնա:

Նշենք, որ Գառնու հեթանոսական տաճարի մոտ խնջույք էր կազմակերպել Հայաստանի կենտրոնական բանկը՝  Հարավարեւելյան եվրոպական բանկերի համաժողովի շրջանակներում, որի համար թույլտվություն էր ստացել մշակույթի նախարարությունից՝ վճարելով ավելի քան 1 մլն դրամ:

Անկախ

Tags: , , ,