Վրաց պատմագետները սկսել են խոսել վրաց-ադրբեջանական «դարավոր բարեկամության մասին»

Արչիլ Չկեիձե

«Որպես Վրաստանի քաղաքացի` ամոթ եմ համարում, որ Վրաստանը  Սահակաշվիլիի օրոք չերքեզների կասկածելի ցեղասպանությունը ճանաչեց՝ անտեսելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և ցավալին այն է, որ չերքեզների այդ ցեղասպանությունը ոչ մի այլ պետության կողմից չի ճանաչվել, իսկ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մի փոքրիկ հուշահամալիր էլ չկա Վրաստանում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, ինչպես նաև հայ-վրացական և վրաց-ռուսական հարաբերություններին, նշեց «Իրակլի 2-րդ միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Արչիլ Չկոիձեն:

Նա տեղեկացրեց, որ Թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունների ջանքերով վրաց պատմագետները սկսել են խոսել «վրաց-ադրբեջանական դարավոր բարեկամության մասին»։ Ըստ Չկոիձեի՝ Թուրքիան ու Ադրբեջանը հասնում են նրան, որ վրացական իշխանությունների կողմից թույլատրվում է կեղծել հայ-վրացական հարաբերությունների պատմությունը։ Թուրքիայի գործողությունները վտանգավոր են ոչ միայն Հայաստանի ու Վրաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի համար, քանի որ Թուրքիան դիվանագիտական առաջին դեմքի մակարդակով հայտարարում է Օսմանյան կայսրությունը վերականգնելու իր փափագների մասին, իսկ այդ կայսրության մեջ են պլանավորում ներառել նաև Հայաստանի ու Վրաստանի տարածքները։ Իսկ հայտարարություններն, ըստ նրա, պետք է շատ լուրջ ընդունել։ Նրա տեղեկացմամբ` Վրաստանում ադրբեջանական կազմակերպությունները, որոնցից է օրինակ «Սոկարը», աշխատանքից ազատում է Վրաստանի քաղաքացիներին միայն այն բանի համար, որ նա ծագումով հայ է կամ ամենաքիչը ծնողներից մեկն ազգությամբ հայ է։

Իսկ իրենց` Իրակլի 2-րդ միություն» հասարակական կազմակերպությունը ներկայացրեց մի կառույց, որն աջակցում է Վրաստանի բարիդրացիական հարաբերությունների հատատումը հարևան քրիստոնյա ժողովուրդների` հատկապես հայերի, նաև ռուսների հետ։ Այս նկատառումներով բանախոսի տեղեկացմամբ պետք է հայ-վրացական ֆորում ստեղծվի, որը կամրապնդի այն քրիստոնյա ժողովուրդների միջև հարաբերությունները, որ միասին, թե ջոկ-ջոկ պայքարել են պատմության մարտահրավերների դեմ:

«Առաջինը մեր կազմակերպությունն էր, որ Վրաստանում բարձրացրեց Հայոց Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության հարցը։ Պարտադիր է, որ Վրաստանը ճանաչի Ցեղասպանությունը՝ նախ նրա համար, որ պատմության մեջ այլևս նման ոճրագործությունները չկրկնվեն։ Հայոց Ցեղասպանությունը չդատապարտելը առիթ դարձավ արդեն Հիթլերի կողմից հրեաներին ցեղասպանելու համար»,-նշեց Արչիլ Չկոիձեն:

 

Tags: , , ,