Հայաստանը Հարավային Կովկասի ամենաաղքատ երկիրն է. ադրբեջանցի հյուպատոս

suleymanov Կարսում Արբեջանի հյուպատոս Այհան Սուլեյմանովը, խոսելով Հայաստանի ներկայիս վիճակի մասին, նշել է, որ այն Հարավային Կովկասի ամենաաղքատ երկիրն է, և քաղաքացիների տնտեսական վիճակը գնալով վատանում է:

Սուլեյմանովը իր գրավոր հայտարարության մեջ ասել է, թե Հայաստանի քաղաքացիները օրվա հացի գումարը վաստակելու համար իրենց երկրում աշխատում են որպես ստրուկ, իսկ հնարավորության դեպքում 5-10 դոլարով ավել գումար վաստակելու հույսով մեկնում են արտագնա աշխատանքի:

«Հայաստանը գրեթե վերածվել է էլիտար ընտանիքների սեփական բիզնեսների տեղի: Հայաստանում քաղաքական իշխանություններին, ուժային կառույցներին, հանցավոր աշխարհին և օլիգարխ գործարարներին միավորող քաղաքական-տնտեսական ղեկավար համակարգ է ձևավորվել»,-նշել է Սուլեյմանովը:

 Պետք է նշել, որ ադրբեջանցի պաշտոնյաները ազգային և միջազգային մակարդակներում հաճախ են նմանօրինակ հայտարարություններով հանդես գալիս:  Նրանք, ուշադիր հետևելով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, յուրաքանչյուր ամբիոն օգտագործում են Հայաստանն ու երկրի իշխանություններին տեղին-անտեղին վարկաբեկելու համար: Այնինչ սեփական երկրում առկա այնպիսի մտահոգիչ հարցերը, ինչպիսիք են խոսքի և մամուլի ազատությունը, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը, բազմէթնիկ բնակչության հետ կապված մի շարք խնիրների առկայությունը,  կարծես «վրիպում են» նրանց ուշադրությունից:

 

Tags: ,