Քիչ առաջ հակառակորդը մոտ մեկուկես-երկու ժամ ինտենսիվորեն գնդակոծել է Տավուշի մարզի Այգեպար և Մովսես գյուղերը: Մեր տեղեկություններով՝ տուժածներ չկան: Այգեպարից Անկախի թղթակցին հայտնել են, որ կրակահերթերն ուղղված են եղել թե գյուղի և թե դիրքերի ուղղությամբ:
Մովսես գյուղի բնակչուհի Անուշ Անտոնյանը մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում այդ պահին նշել է, որ թեև կրակում են գյուղի ուղղությամբ, բայց խուճապ չկա, պարզապես գյուղի լույսերն անջատել են՝ անվտանգության և ապահովության նկատառումներից ելնելով: Գյուղացիների խոսքով, այսօր Տավուշի սահմանամերձ գյուղեր են այցելել Կարմիր խաչի ներկայացուցիչները, ինչից հետո, մովսեսցիների ենթադրությամբ հակառակորդն ակտիվացել է: ՚՚Վերջին օրերին էլի կրակել են, բայց էսքան ուժեղ չէ: Հիմա ուժեղ են կրակում՚՚,-ասել են սահմանամերձ համայնքի բնակիչները:
Ներքին կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը հայտնել է, որ, բարեբախտաբար, դեռևս իրենց գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան, բայց հարևան գյուղերի վրա կրակոցների ձայները իրենց մոտ լսելի են: Նշենք, որ մեկ ամսից ավելի է՝ հյուսիսարևելյան սահմանին լարվածություն չկար, հակառակորդը լուռ էր:
Tags: գնդակոծում, Տավուշի մարզ
